ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ժամանակից շուտ դուրս մնաց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հետագա պայքարից: Սլովենիայում ընթացող խմբային մրցաշարի 2-րդ խաղում Հայաստանը 0:1 հաշվով պարտվեց Նորվեգիայի հավաքականին: Խմբային մրցաշարի առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 1:3 հաշվով զիջել էին Սլովակիային:
2-րդ տուրում Սլովենիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Սլովակիայի դարպասը: Վերջին 3-րդ տուրից առաջ Հայաստանի մինչեւ 19 տարեկաննեի հավաքականը զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Նորվեգիան, իսկ Սլովակիայի եւ Սլովենիայի հավաքականները վաստակել են 3 միավոր: Հայաստանը առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 15-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն Սլովենիայի հետ:
Հայաստանը նախորդ տարի կարողացել էր էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճել: Նման իրավունք հայ ֆուտբոլիստները ստացել էին` Լիտվայի, Լեհաստանի, Սան Մարինոյի հավաքականների հետ պայքարում` գրավելով 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այս տարի Հայաստանում կայացած էլիտ-ռաունդում Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի հավաքականնների հետ պայքարում չկարողացավ միավոր վաստակել եւ խմբում գրավեց վերջին հորիզոնականը: