ԲԵԼԳԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ` 2:0
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այս անգամ հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեցին Բելգիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս եկավ այսպիսի կազմով.
Դարպասապահ` Ռոման Բերեզովսկի
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան
Կիսապաշտպաններ` Լեւոն Պաչաջյան, Կարեն Ալեքսանյան (Արա Հակոբյան), Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան
Հարձակվողներ`Արման Քարամյան (Հենրիխ Մխիթարյան), Ռոբերտ Զեբելյան (Սամվել Մելքոնյան)
Առաջին կեսում կողմերը վտանգավոր չէին գրոհում, սակայն 21-րդ րոպեին Վեսլի Սոնկը օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների անփույթ խաղից առաջ մղեց Բելգիայի հավաքականին: Ընդունած գոլից հետո հայ ֆուտբոլիստները կարող էին արագորեն հավասարեցնել հաշիվը, սակայն Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Արման Քարամյանը մոտ տարածությունից վրիպեց: Իսկ 38-րդ րոպեին կրկին անհաջող գործեցին Հայաստանի հավաքականի պաշտպանները, եւ Ֆելաինին հանգիստ կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
5-րդ ընտրական խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, կայացել են եւս 2 հանդիպումներ: Թուրքիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Բոսնիայի նկատմամբ, որի հետ Հայաստանը մրցելու է հոկտեմբերի 15-ին: Իսպանիան հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել Էստոնիայի դարպասը:
Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Իսպանիան, որին 7-ական միավորով հաջորդում են Բելգիան եւ Թուրքիան: Բոսնիան 3 միավորով 4-րդ տեղում է, իսկ աղյուսակը եզրափակում են Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականները, որոնք միավոր չեն վաստակել: