Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՐԵՎՈՐՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԼԻՆԵԼՆ Է»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին Բրյուսելում 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալվի Բելգիային ազգային հավաքականին: Բրյուսելում գտնվող ՀՖՖ մամուլի քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հոկտեմբերի 9-ին ժամանելով Բրյուսել հանգրվանել է «Մարիոթ» հյուրանոցում:

Հոկտեմբերի 10-ին, Հայաստանի ազգային ընտրանին «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, որտեղ էլ հենց կկայանա վերը նշված հանդիպումը, նախախաղյա հերթական մարզումն է անցկացրել: Մարզման ընթացքում թիմերը մոտ 15 րոպե տեւողությամբ երկկողմանի հանդիպում են անցկացրել` բաժանվելով պայմանական Ա եւ Բ թիմերի 1:0 հաշվով հաղթել է Բ թիմը, իսկ միակ գոլի հեղինակ է դարձել Գեւորգ Ղազարյանը: Վնասվածք ունեցողներ չկան եւ բոլոր 20 ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցելու այսօր կայանալիք խաղին:

Մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը պատասխանել է բելգիացի լրագրողների հարցերին, որտեղ նշել է.«Բելգիան բարձրակարգ հավաքական է: Պարզ է, որ նրանք անընդհատ փորձելու են հարձակվել, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մրցակցի կիսադաշտում: Բայց նրանց դեմ կարելի է պայքարել եւ ես իմ տղաներին ասել եմ, որ կարեւորն ինքնավստահ լինել եւ առանց վախի խաղադաշտ դուրս գալն է: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` մեր լավագույն որակները դրսեւորելու ու հաջող արդյունքի հասնելու համար»:

Կարծիքներ Բելգիայի եւ հոկտեմբերի 15-ին Բոսնիայի հետ կայանալիք հանդիպումներից առաջ.

Լեւոն Պաչաջյան, կիսապաշտպան (ԳԱԻՍ, Շվեդիա) - Դժվար հանդիպում է սպասվում: Վերջին անհաջող խաղերից հետո մենք ապացուցելու շատ բան ունենք: Գալիք երկու խաղերից առնվազն 2 միավոր ակնկալիք ունեմ: Բելգիայի ընտրանուն ես ավելի բարձրակարգ թիմ եմ համարում, քան Բոսնիային: Ճիշտ է, ես նրանց վերջին խաղերը չեմ տեսել, բայց արձագանքներից եւ լրատվամիջոցներից ստացած տեղեկատվությունից,կարող եմ ենթադրություն անել, որ այս տարի նրանք ավելի ուժեղ են, քան նախորդ մրցափուլում: Բելգիան պատմականորեն մեզ համար շատ անհարմար մրցակից է: Մենք նրանց հետ բավական լավ ֆուտբոլ ենք խաղում, սակայն ամեն անգամ պարտվում: Այս տարի ակնկալիքները լրիվ այլ են:

Սարգիս Հովսեփյան, պաշտպան, հավաքականի ավագ («Փյունիկ») - Գալիք խաղերից ակնկալիքներս շատ են: Դրական մթնոլորտ է ստեղծվել, որը պետք է պահպանվի նաեւ առաջին խաղից հետո: Բելգիան լավ հավաքական է: Այդպիսի ենթադրություններ անելու համար հեռու գնալ պետք չէ: Բավական է միայն վերհիշել, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրանք հավասար պայքար մղեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Թուրքիայի ընտրանու դեմ արտագնա խաղում, երբ մրցակիցը միայն 2-րդ կեսի միջնամասում կարողացավ խուսափել պարտությունից: Ինձ համար բավարար կհամարեմ, եթե առաջիկա երկու մրցավեճում, մենք առնվազն երկու միավոր վաստակենք, քանզի արտագնա խաղերում երկու ոչ- ոքին կարելի է դրական արդյունք համարել:

Ալեքսանդր Թադ—ոսյան, պաշտպան («Վիտեբսկ», Բելառուս) - Թե, Բելգիան, թե Բոսնիան բավական բարդ մրցակիցներն են, սակայն նրանց հետ խաղերում դրական արդյունք ապահովելն իրատեսական է: Ինձ համար նույնպես երկու միավորը կարելի է բավարար համարել գալիք խաղերում: Բելգիայի ընտրանին միգուցե ավելի ավելի ուժեղ է, սակայն չեմ համարում, որ այստեղ կան գերաստղեր:

Աղվան Մկրտչյան, պաշտպան («Գոմել», Բելառուս) - Ըստ ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակի, երկու ընտրանիներն էլ մեզանից ավելի բարձր տեղ են զբաղեցնում, սակայն դա չի նշանակում, որ մենք շանսեր չունենք: Նրանց դեմ կարելի է պայքարել: Ես նրանց հետ մրցավեճերում 4 միավորի ակնկալիք ունեմ: Այսօր անպարտելի մրցակիցներ չկան, չկան նաեւ ընտրանիներ, որոնց դեմ անհնար է պայքարել: