ՆԱԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՄԻԿԱ»
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին տարիներին շախմատի Եվրոպայի ակումբային առաջնություններին բավական հաջող էր մասնակցում Երեւանի «Միկա» կանանց ակումբը: Այս տարի Եվրոպայի առաջնությանը կներկայանա նաեւ «Միկայի» տղամարդկանց թիմը, որը ուժեղ կազմ է հավաքագրել եւ հոկտեմբերի 17-իմ Հունաստանի Կալիթեա քաղաքում սկսկի պայքարը «հին աշխարհամասի» չեմպիոնի կոչման համար:
Նախորդ 3 տարիներին «Միկայի» կանանց թիմը Եվրոպայի առաջնությունում 1-ական անգամ նվաճել է ոսկե եւ բրոնզե մեդալներ, իսկ տղամարդկանց պայքարում հանդես էր գալիս «Բանկային Արքա» թիմը:
Ըստ «Միկայի» տնօրեն Աշոտ Վարդապետյանի` 3 տարի առաջ դեռ Հայաստանը չուներ անհրաժեշտ քանակությամբ շախմատիստներ, որպեսզի եւս մեկ թիմ ներկայացներ Եվրոպայի առաջնությունում. «Բայց այս տարիների ընթացքում մեծ թվով պատանի շախմատիստներ աճեցին, ուստի 1 թիմով Եվրոպայի առաջնությունում ներկայանալը Հայաստանի պես շախմատային գերտերության համար քիչ էր: Առանց «Բանկային Արքա» թիմի հետագա գործունեությունը եւ զարգացումը խանգարելու ստեղծեցինք նոր թիմ, որը բավական երիտասարդ է»:
«Միկայի» տղամարդկանց թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ արտասահմանից հրավիրված Բաադուր Ջոբավան, Մագնուս Կառլսենը եւ Բորիս Գելֆանդը:
«Եթե եվրոպական մրցաշարում ցանկանում ես հասնել հաջողությունների, ապա այլ երկրների շախմատիստներ հրավիրելը անխուսափելի է: Ինչպես եւ ֆուտբոլում, այնպես էլ շախմատում շատ ակումբներ ազգային հավաքականներից ուժեղ են, քանի որ հնարավորություն ունեն մի շարք ուժեղագույն գրոսմայստերների հավաքագրել մեկ թիմում» - նշեց Աշոտ Վարդապետյանը:
«Միկային» հաջողվել է իր կազմում ընդգրկել աշխարհի լավագույն շախմատիստների թվին դասվող Մագնուս Կառլսենին, որը հրավերներ է ունեցել նաեւ աշխարհի մի շարք ուժեղագույն թիմերից.«Կառլսենը գերադասեց հանդես գալ հայկական թիմում եւ ես համոզված եմ, որ պատճառը միայն ֆինանսները չեն: Նա ընտրեց այնպիսի թիմ, որը երիտասարդ է եւ պայքարելու է հաջողության համար: Թիմը համալրել ենք նաեւ Բորիս Գելֆանդով, որը սերտ կապված է հայկական շախմատի հետ: Նա եղել է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ամենասիրելի եւ տաղանդավոր աշակերտը»: «Միկայում» է նաեւ Վրաստանի հավաքականի առաջատար Բաադուր Ջոբավան, որը պատանեկան տարիքում Գաբրիել Սարգսյանի հետ մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի. «Հաշվի ենք առել նրա խաղային որակները եւ նաեւ այն հանգամանքը, որ նա լավ հարաբերություններ ունի մեր թիմի գրեթե բոլոր անդամների հետ»:
Առաջիկա առաջնությունում «Միկայի» առջեւ խնդիր է դրված պայքարել չեմպիոնության համար. «Մեր թիմը իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում: բայց տարբերությունը մյուս թիմերի հետ մեծ չեն: Չեմպիոնության համար կհավակնեն ռուսական «Ուրալը», «Միկան», բոսնիական «Բոսնան» եւ գերմանական «Բադեն-Բադենը»: Այս թիմերը շատ ուժեղ կազմեր են հավաքագրել»: