Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԵՑ ԳՈԼԵՐԻ ՀԱՇԻՎԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը իր առաջին գոլն է խփել Բելառուսի ընթացիկ առաջնությունում: «Գոմելում» հանդես եկող Հակոբյանը աչքի է ընկել 25-րդ տուրի Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ խաղի 56-րդ րոպեին կրկնապատկել է հաշվի տարբերությունը, իսկ «Գոմելը» հաղթել է 3:0 հաշվով:

«Ուրախ եմ, որ վերջապես կարողացա բացել գոլերիս հաշիվը Բելառուսում: «Տորպեդոյի» հետ խաղում մենք մեծ առավելություն ունեինք եւ արժանիորեն հաղթեցինք», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արա Հակոբյանը: Հայ ֆուտբոլիստը նշեց նաեւ, որ գոլային փոխանցումը այս խաղում իրեն կատարել է «Գոմելում» հանդես եկող Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Աղվան Մկրտչյանը. «Աղվանի փոխանցումից հետո ընթացքից կատարած հարվածով գրավեցի դարպասը: «Տորպեդոյի» կազմում հանդես էր գալիս նաեւ մեր հավաքականի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, որը փոխարինվեց խաղի ընթացքում»:

Հաղթելով այս խաղում «Գոմելը» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը. «Մինչ այս 4 խաղում անընդմեջ պարտվել էինք: Այս հաղթանակը նաեւ շատ կարեւոր էր հոգեբանորեն»: 25-րդ տուրում տոնած այս հաղթանակից հետո «Գոմելը» 23 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական:

Արա Հակոբյանը «Գոմել» է տեղափոխվել 2008թ. ամռանը, իսկ մինչ այդ մի քանի ամիս անցկացրեց Քիշինեւի «Զիբրույում»: Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում Հակոբյանը 7 գնդակով լավագույն ռմբարկուն է: