Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԹԻՄԵՐԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում կայացած բոլոր 4 հանդիպումներից հետո, պարտվող կողմի մարզչական շտաբից քննադատություն հնչեց մրցավարների հասցեին:

ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ, ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոսելով քննադատության աննախադեպ մեծ ալիքի մասին ասաց. «Առաջնությունը մոտենում է ավարտին եւ լարվածությունը մեծացել է : Թիմերի համար յուրաքանչյուր միավորի կորուստը կարող է ճակատագրկան լինել: Այս տեսանկյունից մրցավարների դերն էլ ավելի մեծանում է եւ պատասխանատվությունը ավելի շատանում»: Ճաղարյանը մտահոգիչ է համարում այն, որ խաղերից հետո կազմակերպվող մամուլի ասուլիսները վերածվել են մրցավարության քննարկման ասուլիսների. «Խաղի մասին ոչինչ չկա, կա ընդամենը մրցավարության մասին քննարկում զուտ մարզիչների տեսանկյունից»:

Հայաստանի 2007թ. լավագույն մրցավարի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մարիզչներից ոմանք ունեն նախապես մշակված 2 ելույթների տարբերակ, որոնցից մեկը օգտագործում են հաջողության դեպքում, իսկ մյուսը` անհաջողության. «Երբ թիմը հաղթում է գործի է դրվում առաջին տարբերակը. «Ես իմաստուն էի, ես կարողացա ընտրել ճիշտ կազմ, ես ճիշտ մարտավարություն ընտրեցի, ես ճիշտ խաղ կազմակերպեցի, ես, ես, ես վերջում էլի ես»: Երբ հանդիպումը չի ավարտվել մարզչին ձեռնտու արդյունքով, օգտագործվում է ելույթի 2-րդ տարբերակը. «Մրցավարը ամեն ինչ սկսեց, մենք դեռ չեկած խաղին գիտեինք, որ պարտվելու ենք, մրցավարը այս րոպեին սխալ կողային նետում տվեց, այն րոպեին սխալ արձանագրվեց այն: Մրցավարը, մրցավարը եւ էլի մրցավարը»: Ահա սա է մարզիչների դիրքորոշումը, որը մտահոգիչ է»:

Որքան էլ հանդիպումները լարված ընթացք են ունենում, Արարատ Ճաղարյանը գտնվում է, որ մրցավարները բարեբախտաբար որեւէ թիմի չեն խանգարել. «Եղել են սխալներ: Անթերի ոչինչ չկա: Բայց այդ սխալները որակական առումով ոչնչով չեն ազդել հանդիպումների ելքերի վրա եւ առավել եւս հուսով եմ, որ ոչնչով չեն ազդի առաջնության վերջնական արդյունքի վրա»:

Թեեւ 21-րդ տուրում բազմաթիվ դժգոհություններ հնչեցին, սակայն ՀՖՖ-ն որեւէ բողոք մրցավարության վերաբերյալ չի ստացել. «Կոնկրետ այս տուրում մարզիչների ասածները նման էր որսորդներին, որոնք գնում են որսի եւ որսը չտեսած կրակում են օդ»:

Չի բացառվում, որ մարզիչները խաղից հետո լինելով էմոցիաների ազդեցության տակ սկսում են քննադատել մրցավարներից, իսկ ավելի ուշ տեսագրությունը տեսնելով համոզվում են, որ բողոքարկելու կարքի չկա: Ճաղարյանը չբացառեց այս տարբերակը.

«Եթե դա այդպես է, ապա դա եւս չի խոսում մարզիչների օգտին: Ամեն մարդ պետք է իմանա իր խոսքի գինը: Եթե ասվում է, որ մրցավարը սխալվում է, ապա պետք է հետամուտ լինել նրա պատժվելուն: Այսինքն. տեսաերիզ, գրավոր բողոք: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է կասկածել ֆեդերացիայի նախագահի արդարամտության արդար որոշում կայացնելու ունակության մեջ: Եթե լինում է դիմում բողոք, ֆեդերացիայի նախագահի անմիջական վերահսկողության ներքո քննարկվում է դիմումը եւ կայացվում է օբյեկտվի, արդար որոշում»: