ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 5 տեղով եւ այժմ զբաղեցվում է 7-րդ հորիզոնականը: Այպիսով Արոնյանը կրկին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների տասնյակում է:
Արոնյանը հուլիսին հրապարակված նախորդ աղյուսակում 2737 գործակցով 12-րդ տեղում էր: Նախորդ ամիսների ընթացքում Լեւոնը 23 պարտիա է անցկացրել տարբեր մրցաշարերում եւ վարկանիշը հասցրել 2757-ի: Արոնյանը Բիլբաոյում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաջող հանդես եկավ` եզրափակելով լավագույն եռյակը:
Վարկանիշային աղյուսակը սկսել է գլխավորել Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Տոպալոբը, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարում վստահ հաղթանակ տոնեց վարկանիշը հասցնելով 2791-ի: Տոպալովին հաջորդում է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչը (2787), որը այս ընթացքում ընդամենը 9 պարտիա է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակում է Վասիլի Իվանչուկը (2786): Ուկրաինացի շախմատիստը վերջին 4 ամիսների ընթացքում միանգամից 50 հանդիպում է անցկացրել: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2786), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2783), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2772), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2751), Պետեր Լեկո (Հունգարիա, 2747), Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան, 2737): Լավագույն 100 շախմատիստների ցուցակում Հայաստանի ներկայացուցիչներից տեղ են զբաղեցրել նաեւ Վլադիմիր Հակոբյանը (42) եւ Գաբրիել Սարգսյանը (84), որոնք Հայաստանի հավաքականի խաղացողներ են: Կանանց վարկանիշային աղյուսակում առաջին անգամ լավագույն տասնյակում է հայտնվել Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին 10-րդ հորիզոնականում է (2513): Լիլիթ Մկրտչյանը, որը Նալչիկում կայացած աշխարհի անհատական առաջնությունում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ, 38-րդ տեղում է (2443):
Վարկանիշային աղյուսակը ինչպես միշտ գլխավորում է Հունգարիան ներկայացնող Հուդիթ Պոլգարը (2711): Աշխարհի շախմատային երկրների շարքում Հայաստանը ընթանում է 11-րդ հորիզոնականում: Այստեղ հաշվի են առնվում տվյալ երկրի լավագույն 10 շախմատիստների միջին գործակից, որի Հայաստանի մոտ կազմել է 2614: Ամենաբարձր վարկանիշտ Ռուսաստանինն է (2720), որին հաջորդում են Ուկրաինան (2684) եւ Չինաստանը (2642): Կանանց պայքարում Հայաստանը 18-րդ տեղում է (2251): Այտեղ առաջատարը Չինաստանն է (2477):