Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. 2-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր կմեկնարկի խմբային մրցաշարի 2-րդ տուրը: Նախ պայքարի մեջ կմտենեն E, F, G եւ H խմբերի թիմերը:

E խումբ

«Օլբորգ» - «Մանչեսթեր Յուն.» 23:45

«Վիլյառեալ» - «Սելթիկ» 23:45

Սա միակ խումբն է, որտեղ դեռ դարպասի գրավում չի արձանագրվել, ուստի բոլոր թիմերն էլ մեկական միավոր ունեն իրենց ակտիվում: 2-րդ տուրը որոշակի հստակություն կմցնի այս խմբում: «Օլբորգ» - «Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճում ֆավորիտ են համարվում հյուրերը: Անգլիայի չեմպիոնը աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, որի վկայությունը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բոլթոնի» հետ խաղում տարած հաղթանակն էր: «Վիլյառեալ» - «Սելթիկ» խաղում նախապատվությունը տրվում է տանտերերին: «Վիլյառեալը» ներկայումս Իսպանիայի առաջնության առաջատարներից մեկն է, բացի այդ իսպանացիները խմբային մրցաշարի մեկնարկային խաղում հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդին» կարողացան միավոր վաստակել, ինչը քչերին է հաջողվում:

F խումբ

«Ֆիորենտինա» - «Ստյաուա» 23:45

«Բավարիա» - «Լիոն» 23:45

Մեծ հետաքրքրություն է առաջացրել «Բավարիա» - «Լիոն» հանդիպումը: Մյունխենցիները Գերմանիայի առաջնության վերջին տուրերում խիստ անհաջող են հանդես գալիս եւ ներկայումս հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն, իսկ «Լիոնը», թեեւ հաջող է հանդես գալիս ներքին առաջնությունում, սակայն խմբային մրցաշարի մեկնարկային խաղում սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Ֆիորենտինայի» նկատմամբ: Վերջինս այս տուրում հյուրընկալելու է ռումինական «Ստյաուային», որը այս խմբում ակնհայտորեն զիջում է մյուս մրցակիցներին: «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ որպես կանոն հաջող է հանդես գալիս եւ այս խաղում բացահայտ ֆավորիտն է:

G խումբ

«Արսենալ» - «Պորտու» 23:45

«Ֆեներբախչե» - «Դինամո» 23:45

2 հանդիպումներում էլ տանտերերի հաղթանակը հավանական է, թեեւ ոչ «Պորտոն», ոչ էլ «Դինամոն» վատ մարզավիճակում չեն: «Արսենալը» Չեմպիոնների լիգայում «Էմիրեյթս» մարզադաշտում հազվադեպ է միավորներ կորցնում: Խմբային մրցաշարի առաջին խաղում անգլիական ակումբը բավարարվել է միավորով եւ այս խաղում Արսեն Վենգերի թիմին անհրաժեշտ է հաղթել, այլապես հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը զգալիորեն կբարդանա: Հաղթանակ է անհրաժեշտ նաեւ թուրքական «Ֆեներբախչեին»: Եվրոպայի չեմպիոն մարզիչ Լուիս Արագոնեսի գլխավորությամբ թուրքրը անհաջող են մեկնարկել եւ այս խաղում եւս միավորներ կորցնելու դեպքում կշարունակեն եզրափակել մրցաշարային աղյուսակը:

H խումբ

ԲԱՏԵ - «Յուվենթուս» 23:45

«Զենիթ» - «Ռեալ» 21:30

Այսօր կայանալիք 8 հանդիպումներից ամենաշուտ կսկսվի Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Զենիթ» - «Ռեալ» հանդիպումը, որը կկայանա Երեւանի ժամանակով 21:30-ին: Ռուսաստանի գործող չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Զենիթը» կհյուրընկալի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Թերեւս խաղային այս օրվա ամենակենտրոնական հանդիպումն է: Ընթացիկ մրցաշրջանի 6 հանդիպումներից 5-ում «Ռեալը» հաղթել է եւ ներկայումս լավ մարզավիճակում է, իսկ ահա «Զենիթը» չի կարողանանում կայուն խաղ ցուցադրել եւ Ռուսաստանի առաջնությունում հաճախ է միավորներ կորցնում: Ամեն դեպքում այս խաղում կողմերի հնարավորությունները հավասար են գնահատվում, թեեւ «Ռեալը» անհամեմատ մեծ փորձ ունի Չեմպիոնների լիգայում: Բավական է նշել, որ «Զենիթը» առաջին անգամ է մասնակցում հեղինակավոր այս մրցաշարին: Խմբի մյուս խաղում «Յուվենթուսը» հյուրընկալվելու է ԲԱՏԵ-ին: Իտալացիները այս հանդիպման բացահայտ ֆավորիտն են: