ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ` ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները հանգստյան օրերին հերթական հանդիպումներն են անցկացրել եվրոպական թիմերում: Կան նաեւ խաղացողներ, որոնք խաղադաշտ դուրս չեն եկել:
Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է Գրոզնիի «Թերեքին»: Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին հանդիպմանը չի մասնակցել: Ռոմանը հանդիպմանը հետեւել է պահեստայինների նստարանից, իսկ հիմնական կազմում հանդես է եկել Չիչկինը: Թեեւ Բերեզովսկին «Խիմկիի» առաջատար խաղացողներից մեկն է, սակայն 21-րդ տուրում ստացած կարմիր քարտից հետո կորցրել է իր տեղը հիմնական կազմում: «Խիմկին» 17 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին 15-րդ հորիզոնականում:
Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դոնեցկում, որտեղ մրցեցին տեղի «Շախտյորը» եւ «Մետալուրգը»: Վերջինիս կազմում հայտավորված էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը: Արարատը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Մելքոնյանը 45-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Ֆաբինյոն:
Հաշիվը բացեց 50-րդ րոպեին, երբ աչքի ընկավ «Շախտյորի» լեգեոներ Իլսինյոն: Իսկ մինչ այդ Մելքոնյանի վտանգավոր հարվածից հետո տանտերերի դարպասապահը կարողացել էր ետ մղել գնդակը: 63-րդ րոպեին Սամվել Մելքոնյանը կարող էր հավասարեցնել հաշիվը: Աջ եզրով ներխուժելով տուգանային հրապարակ` հայ ֆուտբոլիստը 12 մետրից հարված կատարեց, սակայն դարպասապահ Պյատովը փրկեց իր թիմին: Այնուամենայնիվ, հանդիպման վերջին րոպեին Դիմիտրովը փրկեց «Մետալուրգին», եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Այս ոչ-ոքիից հետո «Մետալուրգը» 22 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական:
Դանիայի առաջնությունում հանգստյան օրերին հանդիպումներ չեն կայացել: Փոխարենը կայացել են գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերըս» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել «Բլոկհուս» թիմի նկատմամբ եւ դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ: Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ողջ հանդիպմանը: «Ռանդերսի» նախորդ 2 հանդիպումներում Արզումանյանը նստած էր պահեստայինների նստարանին:
Ռումինիայի առաջնության 9-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Տիմիշոարան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել Յասիի «Պոլիտեխնիկայի» նկատմամբ: Արտավազդ Քարամյանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս չեկավ խաղադաշտ: Փոխարենը «Տիմիշոարայի» հիմնական կազմում էր Արման Քարամյանը, որին վերջին տուրերում մարզիչները չէին վստահում: Արմանը բավական հաջող հանդես եկավ եւ փոխարինվեց 88-րդ րոպեին: «Տիմիոշարան» 16 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 24-րդ տուրում Կարեն Ալեքսանյանի «Տորպեդոն», որը ներկայացնում է Ժոդինո քաղաքը, 2:0 հաշվով առավելության է հասել «Դարիդայի» նկատմամբ: Արթուր Ոսկանյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի «Վիտեբսկը» շարունակում է միավորներ կորցնել: Այս տուրում թիմը հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել Մոգիլեւի «Դնեպրի» հետ հանդիպումը: «Վիտեբսկը» 37 միավորով ընդամենը յոթերորդ տեղում է եւ գործնականում զրկվել է մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից:
«Գոմելը», որի կազմում հանդես են գալիս Արա Հակոբյանը, Աղվան Մկրտչյանը եւ Արմեն Տիգրանյանը, սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է առաջատար ԲԱՏԵ-ին: Շվեդիայի առաջնության վերջին տուրերում բավական անհաջող է հանդես գալիս Գյոթեբորգի ԳԱԻՍ-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը: 24-րդ տուրում ԳԱԻՍ-ը սեփական հարկի տակ 0:4 հաշվով զիջել է «Հալմստադին»: Պաչաջյանը առաջին կեսից հետո փոխարինվել է: ԳԱԻՍ-ը 31 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: