«ԲԱՆԱՆՑԸ» ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» վերջին շրջանում անհաջող էր հանդես գալիս, սակայն Հայաստանի առաջնության 21-րդ տուրում կարողացավ առավելության հասնել «Միկայի» նկատմամբ եւ կրկին դառնալ մրցանակային տեղերի հավակնորդ:
«Առաջին հերթին ուրախ եմ մեր ֆուտբոլիստների համար: Կարծում եմ` նրանք շատ լավ էին խաղում, շատ լավ էին պայքարում, հատկապես առաջին խաղակեսում, երբ մենք մի քանի լավ պահեր ունեցանք, բայց կոնկրետ Լեդենյովի բախտը չբերեց, երբ նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից», - ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչ Քիմ Սփիլդսբոելը, որը հանդիպումից հետո բարձր տրամադրություն ուներ:
Դանիացի մասնագետը կարծում է, որ իր սաները խաղասկզբում լարված էին. ««Միկան» շատ լավ թիմ է, եւ դա ապացուցում է աղյուսակում նրա զբաղեցրած 3-րդ հորիզոնականը: Մեզ մոտ այս խաղում լարվածություն կար, քանի որ սուպերգավաթի խաղարկությունում լավ չէինք խաղացել: Մենք գիտակցում էինք, որ միգուցե սա մեր վերջին հնարավորությունն է «Միկային» եւ «Գանձասարին» 3-րդ տեղի համար մարտահրավեր նետելու համար»: «Միկայի» հետ խաղում «Բանանցը» 3 գոլ խփեց, սակայն հաղթեց 2:1 հաշվով, քանի որ գնդակներից մեկը փոխչեմպիոնը ուղարկեց սեփական դարպասը.«Ես չէի նախատեսել, որ բոլոր 3 գոլերն էլ մենք պետք է խփենք, բայց ֆուտբոլում նման դեպքեր լինում են: Նույնիսկ եթե մենք չհաղթեինք այս խաղում, միեւնույնն է` հաղթանակը մեր կողմը կլիներ, քանի որ «Բանանցը» շատ լավ խաղաց: Հուսով եմ` «Միկան» եւ «Գանձասարը» միավորներ կկորցնեն դեռ, իսկ մենք կկարողանանք հասնել նրանց: Մենք այս հաղթանակից հետո չպետք է կորցնենք զգոնությունը, քանի որ յուրաքանչյուր հանդիպում շատ մեծ արժեք է ունենալու մեզ համար»:
«Միկայի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը լրիվ այլ տրամադրություն ուներ. «Մեր խաղում խոտանը շատ մեծ էր: Պարզ իրադրություններում բավական շատ սխալներ էին թույլ տալիս մեր ֆուտբոլիստները: Բայց հնարավոր էր, որ նաեւ հաղթեինք, երբ 1:1 հաշվի ժամանակ Նարեկ Բեգլարյանը դուրս եկավ հարվածային դիրք եւ նրան խանգարեցինք, թվում էր 11 մետրանոց կար: Համենայնդեպս, մեզ այդպես էր թվում»:
Տուրի կենտորնական խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց հետեւյալը. «Խաղի տրամաբանական ելքը թերեւս կարող էր լինել ոչ-ոքին, սակայն բախտը ժպտաց մեզ, եւ մենք հաղթեցինք; Չեմպիոնության համար պայքարը, կարծում եմ, կընթանա մինչեւ վերջին տուրը, քանի որ առջեւում դեռ մեկ շրջան կա»:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խիստ զայրացած էր հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի գործողություններից: Սուքիասյանը դժգոհելով մրցավարությունից` միաժամանակ ասաց. «Մրցավարին քննադատելով ամենեւին էլ չեմ ցանկանում արդարանալ պարտության համար»: