Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԿԱՌԼՍԵՆԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»

Սպորտ

Հոկտեմբերի 16-ին Հունաստանի Կալիթեա քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Հայաստանն այս տարի կներկայացնեն միանգամից 3 տղամարդկանց թիմեր եւ 1 կանանց:

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Երեւանի «Միկան», «Բանկային Արքան» եւ ՖԻՄԱ-ն: Հատկապես ուժեղ կազմ ունի «Միկան», որտեղ հանդես կգան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ ներկայումս աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքին դասվող Մագնուս Կառլսենը: Բացի նորվեգացի լեգեոներից` «Միկայում» ընդգրկված է եւս մեկ արտասահմանցի` վրացի Բաադուր Ջոբավան:

«Բանկային Արքայի» կազմում են ընդգրկված Հայաստանի ճանաչված շախմատիստներից Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Չիբուխչյանը:

ՖԻՄԱ-ում ընդգրկված էին երիտասարդ շախմատիստներ, որոնցից կարելի է առանձնացնել Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը: Կանանց պայքարում հանդես կգա Երեւանի «Միկա» կանանց թիմը, որը 2006թ. Եվրոպայի չեմիոնն է, 2007թ. բրոնզե մեդալակիրը: «Միկայի» կազմում կրկին հանդես կգան Մայա Չիբուրդանիջեն, Էլինա Դանիելյանը, Նինո Կուրտսիձեն, Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաեւ Կատերինա Լահնոն: