Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԵՃ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը` սեպտեմբերի 28-ին, կկայանան 21-րդ տուրի հանդիպումները: Այս տուրից հետո կավարտվի 3-րդ շրջանը:

Արարատ» - «Փյունիկ» 17:00

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Սա ոչ միայն տուրի, այլեւ 3-րդ շրջանի ամենակենտրոնական հանդիպումն է: 2 թիմերն էլ վաստակել են 43-ական միավոր եւ ընթանում են առաջին 2 հորիզոնականներում: Չեմպիոնության համար պայքարում սա կարեւորագույն հանդիպումներից մեկն է: «Փյունիկը» նախքան այս հանդիպումը 6 անընդմեջ հաղթանակ է տոնել առաջնությունում, իսկ սեպտեմբերի 24-ին հաջողության հասավ նաեւ սուպերգավաթի եզրափակիչում: Սակայն այդ խաղում չեմպիոնը հանդես եկավ 2-րդ կազմով, որպեսզի ուժերը խնայեր «Արարատի» հետ մրցավեճի համար:

«Արարատը» մի քանի հաջող հանդիպումներից հետո նախորդ տուրում միավորներ կորցրեց Կապանում, որտեղ 0:0 հաշվով ավարտեց «Գանձասարի» հետ մրցավեճը:

Այս տարի «Արարատը» եւ «Փյունիկը» հանդիպել են 5 անգամ, որոնցից 2-ում հաղթել է «Արարատը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի եւ եւս մեկ անգամ առավելության է հասել «Փյունիկը»: «Արարատը» 2 հաղթանակներն էլ տոնել է գավաթի խաղարկությունում, իսկ ահա առաջնությունում Վարուժան Սուքիասյանի սաներին դեռ չի հաջողվել պարտության մատնել չեմպիոնին:

«Փյունիկը» կադրային խդնիրներ չունի, իսկ ահա «Արարատի» խաղացողներ Վահագն Մինասյանը եւ Արտաշես Անտոնյանը որակազրկված են:

«Բանանց» - «Միկա» 17:00

Երեւան, «Հրազդան» մարզադաշտ

2 թիմերն էլ պայքարում են լավագույն եռյակում տեղ ունենալու համար, սակայն ներկայումս ավելի նախընտրելի վիճակում է «Միկան», որը 35 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Իսկ փոխչեմպիոնը 29 միավորով ընդամենը 5-րդն է, սակայն այս խաղում հաղթելու դեպքում զգալիորեն կկրճատի միավորների տարբերությունը:

«Շիրակ» - «Կիլիկիա» 17:00

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցաշարային աղյուսակը եզրափակող այս թիմերի մրցավեճում ֆավորիտը գյումրեցիներն են, սակայն ընթացիկ առաջնությունում այս թիմերի միջեւ կայացած 2 հանդիպումներում էլ հաղթել է «Կիլիկիան»: 3-րդ անգամ հաջողության հասնելու դեպքում Էդուարդ Մարկարովի սաները կհավասարվեն «Շիրակին» եւ անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ նաեւ առաջ կանցնեն մրցակցից:

«Ուլիս» - «Գանձասար» 17:00

Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ

Բրոնզե մեդալների համար պայքարող «Գանձասարին» այս խաղում անհրաժեշտ է հաղթել, սակայն «Ուլիսը» վերջին տուրերում բարդ մրցակից է դարձել նաեւ առաջատարների համար: Նախորդ տուրում այս թիմը հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց «Միկայի» հետ հանդիպումը: «Գանձասարը» նախորդ 2 հանդիպումներում ընդամենը 1 միավոր է վաստակել: