ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՑԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել, որ 2016 թվականից ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին 16-ի փոխարեն կմասնակցեն 24 հավաքականներ: Սա ուրախալի լուր էր նաեւ Հայաստանի երկրպագուների համար, քանի որ մեր ընտրանուն եզրափակիչ փուլում տեսնելը նոր ֆորմատով ավելի իրատեսական է:
Այդ կարծիքին է նաեւ ՀՖՖ փոխանագահ Աշոտ Մանուկյանը, որը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Անշուշտ սա ձեռնտու տարբերակ էր Հայաստանի համար: Այժմ եզրափակիչ փուլում հայտնվելը ավելի հեշտ կլինի: 16 թիմերի դեպքում խնդիրը բավական բարդ էր, իսկ ահա միանգամից 8 տեղ ավելացնելով` ՈւԵՖԱ-ն հնարավորություն տվեց եվրոպական ֆուտբոլի 2-րդ էշելոնում գտնվող հավաքականներին եւս մասնակցել եզրափակիչ փուլին»: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ նոր ֆորմատը ավելի հետաքրքիր կդարձնի Եվրոպայի առաջնությունը. «Ես հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում, երբ այնտեղ կար 8 մասնակից: Չեմ կարող ասել, թե 8 թիմերի մասնակցությունը ավելի լավ է, քան 16-ը, իսկ 16 ավելի լավ, քան 24 կամ 32-ը: Համոզված եմ, որ ամեն դեպքում կբարձրանա առաջնության մակարդակը: Անգլիայի, Դանիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի հավաքականները Եվրոպայի վերջին առաջնությանը չէին մասնակցում, սակայն նրանք ունեն բոլոր ռեսուրսները Եվրոպայի առաջնությունում պատճաշ կերպով մասնակցելու համար»:
Հավաքականների քանակի ավելացումով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան ՈւԵՖԱ-ի անդամ երկրների գրեթե կեսը: Եզրափակիչ փուլը կանցկացվի 1986 ից 1994թթ. աշխարհի առաջնությունների ֆորմատով, երբ եզրափակիչում փուլում հայտնված 24 հավաքականները 6 խմբերում պայքարում էին 1/8-րդ եզրափակիչի ուղեգրերի համար: Փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք էին ստանում առաջին 2 հորիզոնականները գրաված թիմերը, ինչպես նաեւ 3-րդ տեղում հայտնված լավագույն 4 հավաքականները:
«Եվրո-2016»-ը անցկացնելու ամենառեալ հավակնորդը համարվում է Ֆրանսիան:
ՈւԵՖԱ-ն քննարկել է նաեւ Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք «Եվրո-2012»-ին վերաբերվող հարցեր: Միշել Պլատինին հերթական անգամ քննադատել է կազմակերպիչներին, իսկ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխալ Լիստկեւիչը փորձել է արդարանալ. «Նման բարձր մակարդակի առաջնություն անցկացնելու համար Լեհաստանում առկա ենթակառուցվածքները անհրաժեշտ զարգացվածություն չունեն: Չեմ կարծում թե 4 տարվա ընթացքում կհասցնենք լուծել բոլոր խնդիրները: Ես իրատես եմ, եւ չեմ կարծում, որ կհասցնենք ամեն ինչ անել»:
Իսկ ահա Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը համոզված է, որ ամեն բան հաջող կընթանա. «Ես վստահ եմ, որ 2 երկրներն էլ պատրաստ կլինեն»: