Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Սպորտ

Երեւանի «Միկայի» ֆուտբոլիստ Արմեն Բաբայանը առաջիկա ամիսներին վարձավճարով հանդես կգա Բեյրութի ՀՄՄ հայկական թիմում, որը հանդես է գալիս Լիբանանի առաջին լիգայում: Բաբայանը «Ա1+»-ին հայտնեց, որը Լիբանան կմեկնի սեպտեմբերի 29-ին:

ՀՄՄ-ն ներակայումս ելույթ է ունենում Լիբանանի առաջին դիվիզիոնում եւ պայքարում է բարձրագույն խմբում հանդես գալու համար: Այս նպատակը իրագործելու համար ակումբի ղեկավարները որոշել են ուժեղացնել թիմի կազմը եւ հրավիրել են Արմեն Բաբայանին: Կիսապաշտպանությունում հանդես եկող այս ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ նախորդ մրցաշրջանում «Արարատից» տեղափոխվեց «Միկա»:

«Հայ ֆուտբոլիստներից շատերն են հանդես եկել Լիբանանում: Նրանցից ոմանց հետ արդեն զրուցել եմ եւ բոլորն էլ դրական կարծիք են հայտնել լիբանանյան ֆուտբոլի, ինչպես նաեւ Բեյրութ քաղաքի մասին», - ասաց Բաբայանը:

«Միկայի» խաղացողը հույս ունի, որ կկարողանա օգնել ՀՄՄ-ին դուրս գալ բարձրագույն խումբ. «Թիմի առջեւ նման խնդիր է դրված եւ հուսով եմ նպաստեմ դրա իրագործմանը: Բացի այդ հետագայում ցանկանում եմ ավելի բարձրակարգ թիմում հայտնվել եւ ՀՄՄ-ն կարող է ցատկահարթակ լինել այս հարցում»:

Բաբայանի տեղեկություններով` ներկայումս էլ Լիբանանում կան հայ ֆուտբոլիստներ. «Հայաստանից Լիբանան մեկնած ֆուտբոլիստներ ներկայումս էլ կան, սակայն թե կոնկրետ քանիսն են, տեղյակ չեմ: Համենայնդեպս` Լիբանանում վերջին տարիներին լուրջ ներդրումներ են կատարվում ֆուտբոլում: 12 թիմերի մասնակցությամբ անցկացվող այս երկրի առաջնությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց է ապրել»:

ՀՄՄ-ն, որտեղ հանդես կգա Բաբայանը, հիմնադրվել է 1921թ.: Այն Լիբանանի ամենահին ակումբներից մեկն է, որտեղ ժամանակին հանդես է եկել նաեւ Հայաստանի հավաքականի հայտնի խաղացող Համլետ Մխիթարյանը: Ի դեպ, Լիբանանի առաջին դիվիզիոնում հանդես է գալիս նաեւ հայկական մեկ այլ ակումբ` ՀՄԸՄ-ն, որի կազմում ներկայումս մեծ թիվ են կազմում հայ խաղացողները: