2 ՄԵԴԱԼ 23 ՀՆԱՐԱՎՈՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 23 ներկայացուցիչներից Չեռնոգորիայիում կայացած առաջնությունում մեդալի արժանացան 2 շախմատիստներ:
16 տարեկանների պայքարում արծաթե մեդալի արժանացավ գրոսմայստերի նորմա լրացրած Սամվել Տեր-Սահակյանը: Այս տարիքային խմբում Սամվելն իր վարկանիշով 2-րդն էր եւ համարվում էր ոսկե մեդալի ռեալ հավակնորդ: Սամվելը առաջին 4 տուրերում նույնքան հաղթանակ տոնեց, սակայն հաջորդ 5 պարտիաները ավարտեց ոչ-ոքիներով: Վաստակելով 6.5 միավոր` Տեր-Սահակյանը լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցանակակիր, քանի որ նույնքան միավոր էին վաստակել եւս 11 մասնակիցներ: Իսկ չեմպիոնի կոչումը 8 միավորով նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Նիժնուկը: Այս տարիքային խմբում Հայկ Վարդանյանը 6 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը:
14 տարեկանների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Կարեն Գրիգորյանը, որը վաստակեց 7 միավոր: Այս տարիքային խմբում 7.5 միավորով չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Իվան Բուկավշինը: Գրիգորյանի հաջողությունը անսպասելի էր, քանի որ նա իր վարկանիշով այս տարքային խմբում 35-րդն էր:Այս տարիքային խմբում 6 միավորով 12-րդ հորիզոնականը գրավեց Խաչատուր Երանյանը:
Մեդալին մոտ էր նաեւ աղջիկների պայքարում հանդես եկած Սիրանուշ Ղուկասյանը (10տ.), որը 6 միավորով հանգրվանեց 13-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս 20 ներկայացուցիչները ավելի ցածր հորիզոնականներ գրավեցին եւ չկարողացան պայքարել նույնիսկ լավագույն տասնյակում հայտնվելու համար: