ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչում «Բանանցին» հաղթեց մարզիչ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը այս խաղում փոխարինել էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը Ավստրիայում մասնակցում էր մարզչական սեմինարի:
«Շնորհավորում էր մեր թիմին հաղթանակի կապացությամբ: Հանդիպումից առաջ տղաներին ասել էի, որ նշանակություն չունի, թե դուք տարիքով մեծ եք թե փոքր, եթե հագնում եք «Փյունիկի» մարզաշապիկը, ապա դուք «Փյունիկի» խաղացողներ եք», - ասաց Արթուր Մկրտչյանը:
Սուպերգավաթի մրցավեճում «Փյունիկը» հանդես եկավ 2-րդ կազմով, սակայն դա չխանգարեց առավելության հասնել մարտական կազմով հանդես եկող «Բանանցի» նկատմամբ. «Ամեն ինչ շատ բարեհաջող դասավորվեց մեզ համար, քանի որ խաղացողները հստակ կատարեցին մարզչական հանձնարարությունները: «Փյունիկը» միշտ էլ խաղադաշտ է դուրս գալիս հաղթանակի համար, անկախ նրանից թե ով է մրցակիցը: Միշտ էլ այդպես է լինելու»:
2-րդ կազմով հանդես գալը Մկրտչյանը պայմանավորեց առաջնությունում չեմպիոնության համար պայքարով. «Սուպերգավաթում հաղթելը կարեւոր էր մեզ համար, սակայն էլ ավելի կարեւոր է չեմպիոնությունը, ուստի հնարավորություն տվեցինք հանգստանալու հիմնական կազմի խաղացողներին, քանի որ կիրակի օրը մրցելու ենք «Արարատի» հետ: Նրանք բավական ծանրաբեռնված են եղել վերջին շրջանում եւ շատ լավ էր, որ այս անգամ ուժերը խնայեցինք»:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Քիմ Սպիլդսբոելը, շնորհավորելով «Փյունիկին» հաղթանակի կապացությամբ ասաց. «Այսօր մենք 70-ը 30-ի դիմաց տարածքային առավելություն ունեինք: Դա իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն է: Ես չեմ սիրում, որ 10 հոգով լցվենք տուգանային հրապարակում եւ պաշտպանվենք: Կարծում եմ, այսօր մի թիմ էր խաղում խաղադաշտում եւ դա «Բանանցն» էր, որը լիովին վերահսկում էր խաղի ընթացքը: Պարզապես ֆուտբոլում այդպիսի բաներ պատահում են, երբ մրցակիցը մի հարված է կատարվում եւ այն գոլով է ավարտվում»:
Սպիլդսբոելը գտնում է, որ Հայաստանում ֆուտբոլը չի կարող զարգանալ, եթե թիմերը պաշտպանողական ֆուտբոլ խաղան. «Չեմ կարծում, թե այդպիսի մարտավարությամբ հնարավոր է ֆուտբոլ զարգացնել: Ես հարգում եմ մրցակցին եւ նորից շնորհավորում նրան, բայց դա ճիշտ չէ, երբ թիմը ամբողջ կազմով պաշտպանվում է»:
Դանիացի մասնագետը, տարվելով «Փյունիկի» մարտավարությամբ, վերջապես խոսեց նաեւ իր սաների մասին, որոնք ողջ հանդիպմանը ընթացքում 1 ռեալ գոլային պահ ստեղծեցին. «Մենք գրոհի եզրափակիչ փուլում չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել, քանի որ չունենք գրոհային, որը կարող է դա անել: Սա մեր թույլ տեղն է, որի վրա պետք է աշխատենք»: