Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ

Սպորտ

Երեւանի «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը արդեն մեկ անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր, սակայն նրա մոտ ցանկությունը մեծ է եւս մեկ անգամ տիրանալու պատվավոր գավաթին:

«Մեր բոլոր ֆուտբոլիստների մոտ էլ ցանկությունը մեծ է հաղթելու: Սա եզրափակիչ հանդիպում է, եւ հաղթողը որոշվում է մեկ խաղում, ուստի լարվածությունը սովորականից մեծ կլինի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հենրիխը:

«Հրազդան» մարզադաշտում այսօր 19:00-ին կայանալիք սուպերգավաթի եզրափակիչում «Փյունիկը» մրցելու է «Բանանցի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» բավական հաջող է հանդես գալիս «Բանանցի» հետ հանդիպումներում: «Փյունիկի» խաղացողները այս տարի 3 անգամ են հանդիպել առաջիկա մրցակցի հետ եւ հաղթել բոլոր 3 հանդիպումներում էլ գնդակների 7:1 տարբերությամբ, սակայն, Մխիթարյանի կարծիքով, դա դեռ ոչինչ չի նշանակում. «Ես տարի մենք բավական հաջող ենք հանդես գալիս «Բանանցի» հետ հանդիպումներում, բայց դա չի նշանակում որ սուպերգավաթի հետ խաղում էլ հաջողությունը ապահոված է: Կարծում եմ` այս անգամ ծանր հանդիպում է սպասվում, քանի որ «Բանանցը» եւս մեծ ցանկություն կունենա տիրանալու սուպերգավաթին»:

«Բանանցի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, որը մասնակցել է 2005թ. եզրափակիչին, որում նրա թիմը 0:1 հաշվով պարտվեց «Փյունիկին», հույս ունի, որ վերջապես կդառնա Հայաստանի սուպերգավաթակիր. «Ես դարձել եմ Հայաստանի գավաթակիր, փոխչեմպիոն, սակայն սուպերգավաթին տիրել դեռ չի հաջողվել: Հույս ունեմ առաջիկա խաղում կդառնամ նաեւ սուպերգավաթակիր»:

«Բանանցը» Հայաստանի առաջնության վերջին հանդիպումներում իր հնարավորություններից խիստ ցածր է հանդես գալիս, սակայն Բարեղամյանի կարծիքով դա երկար տեւել չի կարող. ««Բանանցը» մեծ պոտենցիալ ունեցող թիմ է եւ աստիճանաբար կկարգավորի իր խաղը: Դրա համար լավ առիթ է նաեւ սուպերգավաթի եզրափակիչը, որում հաղթելը դրական ազդեցություն կունենա թիմի հետագա ելույթների վրա»: