Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Սպորտ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 8-րդ տուրում Հայաստանի 23 ներկայացուցիչներից միայն 6-ին հաջողվեց հաղթանակ տոնել, որոնք հիմնականում միջին հորիզոնականներում գտնվող շախմատիստներ են: Իսկ ահա մեդալների համար պայքարող Հայաստանի ներկայացուցիչներին այս տուրում չհաջողվեց ամրապնդել դիրքերը:

14 տարեկանների պայքարում բավական հաջող հանդես եկող Կարեն Գրիգորյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց Իվան Բուկավշինի հետ: Թեեւ Կարենը կես միավոր վաստակեց, սակայն շարունակում է ընթանալ 1-3-րդ հորիզոնականներում: Գրիգորյանը, Բուկավշինը եւ բելառուս Կավալեւը վաստակել են 6.5-ական միավոր: Այս տարիքային խմբում հանդես եկող Խաչատուր Երանյանը 5 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում:

16 տարեկանների պայքարում Սամվել Տեր-Սահակյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Սա արդեն Սամվելի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, որից հետո նա 6 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: 7 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Նիժնուկը:

Աղջիկների պայքարում սկսել են հաջող հանդես գալ Սիրանուշ Ղուկասյանը եւ Հասմիկ Շահբազյանը, որոնք այս տուրում կրկին հաղթանակներ տոնեցին` միավորների քանակը հասցնելով 5.5-ի: 10 տարեկանների պայքարում հանդես եկող այս աղջիկները այժմ 13-14-րդ տեղերում են: