ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ 11-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչը կկայանա այսօր 19:00-ին «Հրազդան» մարզադաշտում: Հակոբ Տոնոյանի անվան գավաթի համար կպայքարեն չեմպիոն «Փյունիկը» եւ 2007թ. գավաթակիր «Բանանցը»:
Սուպերգավաթի եզրափակիչը վերջին տարիներին անցկացվում էր մայիսի 27-ին, սակայն այս տարի դա հնարավոր չեղավ, քանի որ մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում պետք է անցկացներ Մոլդովայի հավաքականի հետ: Բացի այդ, այդ պահին Երեւանում չկար պատրաստ մարզադաշտ, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել հանդիպումը:
Հետաձգված եզրափակիչը կկայանա այսօր, եւ կմրցեն տարբեր մարզավիճակներում գտնվող մրցակիցներ: «Փյունիկը» Հայսատանի առաջնության վերջին տուրերում բավական հաջող է հանդես գալիս եւ արդեն 6 խաղում անընդմեջ հաղթանակներ է տոնել, իսկ ահա «Բանանցը» խիստ անհաջող է հանդես գալիս եւ ընթանում է 5-րդ հորիզոնականում: Ամեն դեպքում հաղթելու ավելի մեծ ցանկություն կունենա հենց «Բանանցը», որը ձախողված այս մրցաշրջանում հնարավորություն ունի տիտղոսի արժանանալու:
Իսկ «Փյունիկը» ներկայումս պայքարում է չեմպիոնության համար եւ ծանրաբեռնված խաղացանկի պարագայում սա չեմպիոնի համար ամենակարեւոր հանդիպումը չէ: 4 օր անց «Փյունիկը» Հայաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Արարատին», որի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սուպերգավաթի եզրափակիչում «Փյունիկը» հանդես կգա առանց իր գլխավոր մարզչի` Վարդան Մինասյանի, որը ներկայումս գտնվում է Ավստրիայում եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հետ միասին մասնակցում է մարզչական սեմինարի:
Այսօրվա եզրափակիչը 11-րդն է սուպերգավաթի խաղարկության պատմության մեջ: «Փյունիկը» արդեն 9-րդ անգամ է իրավունք ստացել մասնակցելու եզրափակիչին: Երեւանյան ակումբը նախորդ խաղարկություններում 5 անգամ կարողացել է տիրանալ գավաթին եւ ներկայումս գործող սուպերգավաթակիրն է: «Փյունիկի» ներկայիս ֆուտբոլիստներից շատերը արդեն արժանացել են սուպերգավաթակրի կոչմանը` մասնակցելով 2007թ. «Միկայի» հետ կայացած եզրափակչին, որի հիմնական ժամանակը ավարտվեց 0:0, սակայն լրացուցիչ ժամանակահատվածում Նորայր Սահակյանը եւ Գեւորգ Ղազարյանը հաղթանակ պարգեւեցին չեմպիոնին: