Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԻ»

Սպորտ

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բավական հաջող հանդես եկան հայ ծանրորդները: Հայաստանի երիտասարդական հավաքականը միանգամից 6 մեդալի արժանացավ (1 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե):

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Սամվել Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գերազանց գնահատականի կարելի է արժանացնել հայ երիտասարդներին. «Մեր երիտասարդական հավաքականի ելույթները հակիրճ կարող եմ գնահատել «5-ին գումարած»: Գոհացնում են, թե բարձրացրած կիլոգրամները, թե նվաճած մեդալների քանակը: Կարծում եմ` այս երիտասարդներից կարող ենք ակնկալիքներ ունենալ 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական հաջորդ խաղերին: Թեեւ դեռ 4 տարի կա եւ նախապատրաստվելու երկար ժամանակ ունենք, սակայն Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ներկայացուցիչների ելույթները բավական հուսադրող էին»: Սամվել Խաչատրյանը, որը նախկին ծանրորդ է, նշեց, որ կան նաեւ այլ երիտասարդներ, որոնք դեռ դուրս չեն եկել ասպարեզ. «Մենք ունենք նաեւ այլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք այս առաջնության չեն մասնակցել: Իսկ հաջողության հասած երիտասարդներից շատերը հաջորդ տարի արդեն հանդես են գալու մեծահասակների մրցաշարերին: Խոսքը Արամ Ադրիկյանի, Աղվան Մելիքյանի, Աղասի Աղասյանի մասին է, որոնց տարիքը հաջորդ տարի թույլ չի տա հանդես գալ երիտասարդների մրցաշարերում»:

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ այս տարի հայ ծանրորդները կմասնակցնեն եւս մեկ միջազգային մրցաշարի. «Դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է մեծահասակների միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը»: