Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՐԱՆՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ»

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի ակումբային հավաքականը օրերս ելույթ ունեցավ Թեհրանում անցկացված համահայկական 40-րդ խաղերին, որտեղ եզրափակիչում զիջեց Թեհրանի «Արարատ» թիմին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մեր բասկետբոլիստները կարող էին հաղթել նաեւ եզրափակիչում. «Ընդհանուր առմամբ գոհ եմ մրցաշարում մեր թիմի ելույթներից: Պարզապես խաղային պրակտիկայի խնդիր ունեինք, որն էլ խանգարեց հաղթել նաեւ եզրափակիչում: Մրցաշարում 5 հանդիպում անցկացրեցինք, որոնցից 3-ում 70-75 միավորի տարբերությամբ հաղթեցինք մրակիցներին: Միայն կիսաեզրափակիչում հաղթանակը դժվարությամբ տրվեց»:

Հայաստանը հանգստյան օրերին եւս հանդիպումներ է անցկացրել, լավ մարզավիճակ ձեռք բերելու համար. «Մի քանի ստուգողական հանդիպումներ անցկացրեցին Իրանի սուպերլիգայում հանդես եկող ակումբների հետ, որպեսզի խաղային պրակտիկա ձեռք բերենք: Ընդահանուր առմամբ սա նաեւ լավ փորձ էր մեր հավաքականի համար, քանի որ երկար ժամանակ բասկետբոլիստները հավաքական թիմում հանդես չէին եկել»:

Հավաքականի կազմում եղել են տարբեր տարիքի խաղացողներ. «Կային փորձառու խաղացողներ, որոնք հիմնականում ներկայացնում են «Պոլիտեխնիկը»: Փորձառուների կողքին ունեինք նաեւ երիտասարդ բասկետբոլիստներ, որոնք հանդես են գալիս 18 տարեկանների հավաքականում: Արդյունավետ խաղով աչքը ընկան Թովմաս Օրդանյանը եւ Անդրանիկ Նովենց-Աղաջանյանը»: Խոսելով մրցակիցների մասին` Արեգ Վաթյանը ընդգծեց, որ Իրանում այսօր մեծ ուշադրություն են դարձնում բասկետբոլին. «Իրանում մարզաձեւը բավական զարգացած է եւ դրանում իրենց մասնակցությունը ունեն նաեւ հայերը:

«Իսֆահան» թիմում հանդես էին գալիս 2 հայ բասկետբոլիստներ, որոնք Իրանի օլիմպիական հավաքականի կազմում ելույթ են ունեցել «Պեկին-2008»-ում: Այն, որ Իրանը մասնակցել է օլիմպիական խաղերին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հարեւան երկրում բասկետբոլը բավական զարգացած է եւ լավագույններից մեկը Ասիայում, եթե ոչ լավագույնը»:

Իրանում Հայաստանի պատվիրակության անդամներից շատերին առաջարկվել է հանդես գալ իրանական ակումբներում: «Թե մարզիչներից, թե բասկետբոլիստներից մի քանիսին առաջարկեցին պայմանագրեր իրանական թիմերից մի քանիսը: Այժմ չեմ կարող կոնկրետ նշել առաջարկների մասին: Կարող եմ ասել միայն, որ առաջարկները քննարկման փուլում են», - ասաց Արեգ Վաթյանը: