ԳՈՀԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականում հանդես եկող լեգեոներներից շատերը հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներից առաջ կարող են խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ունենալ: Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստներից ոչ բոլորն են մասնակցել իրենց ակումբների ելույթներին:
Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում երկարատեւ ընդմիջումից հետո հաղթանակ տոնեց մերձմոսկովյան «Խմկին», որը այս տուրում հյուրընկալել էր մեկ այլ մերձմոսկովյան թիմի` «Սատուրնին»: Տանտերերը հանդես եկան առանց իրենց ավագ Ռոման Բերեզովսկու, որը նախորդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ կայացած խաղում կարմիր քարտի էր արժանացել եւ որակազրկվել մեկ խաղով: «Խիմկին» առավելության հասավ 2:1 հաշվով եւ վերջին 16-րդ հորիզոնականը թողնելով «Շիննիկին»` այժմ նախավերջին տեղում է:
Ռուսաստանի առաջնության փոխարինողների մրցաշարում հերթական գոլն է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը: «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում հանդես եկող հայ խաղացողը աչքի է ընկել «Լուչ Էներգիայի» հետ արտագնա մրցավեճի 66-րդ րոպեին, իսկ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Փոխարինողների մրցաշարում Գոհարյանը 17 գնդակով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
20 -օրյա ընդմիջումից հետո վերսկսվեց Ուկրաինայի առաջնությունը, որի 8-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ մրցեց «Լվովի» հետ: Հանդիպման նախօրերին կայացել էր փոխարինողների հանդիպումը, որին մասնակցել էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը, որոնք ընդմիջմանը փոխարինվել էին: Մելքոնյանը հաջորդ օրը ընգդրկված էր «Մետալուրգի» գլխավոր թիմի պահեստայինների նստարանին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Կոստովի թիմը այս տուրում եւս հաղթանակ տոնեց` առավելության հասնելով 2:0 հաշվով: Այս հաջողությունից հետո «Մետալուրգը» 21 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ռումինիայի առաջնության ութերորդ տուրում Քարամյան եղբայրների «Տիմշոարան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Վասլուի» նկատմամբ: Արտավազդ Քարամյանը ընդգրկված էր հիմնական կազմում եւ 63-րդ րոպեին փոխարինվեց, իսկ Արմանը փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին եւ խաղադաշտում անցկացրեց ընդամենը 3 րոպե: «Տիմիշոարան» 13 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում:
Դանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ մրցեցի առաջատարներից մեկի` «Միտյուլանդի» հետ: Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հայաստանի հավաքականի առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտանվորված էր «Ռանդերսի» պահեստայինների կազմում, սակայն արդեն երկրորդն հանդիպումն է խաղադաշտ դուրս չի գալիս:
Բելառուսի առաջնության 22-րդ տուրում անհաջող են հանդես եկել հայ ֆուտբոլիստների ակումբները: Մրցանակային տեղերի համար պայքարող «Վիտեբսկը», որտեղ հանդես են գալիս Արթուր Ոսկանյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը, հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Դարիդային»: «Գոմելը», որտեղ հանդես են գալիս Արա Հակոբյանը, Աղվան Մկրտչյանը եւ Արմեն Տիգրանյանը, սեփական հարկի տակ 2:6 հաշվով պարտվել է Սոլիգորսկի «Շախտյորին»: Կարեն Ալեքսանդյանի «Տորպեդոն» դարձյալ սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է Մինդսկի «Դինամոյին»: