«200%-ԱՆՈՑ ՊԱՀԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրում Երեւանի «Արարատը» Կապանում 0:0 հաշվով ավարտելով հանդիպումը «Գանձասարի» հետ հնարավորություն տվեց «Փյունիկին» հավասարվել իրենց եւ այժմ այս թիմերը 43-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները շատ մոտ էին հաղթանակին «Գանձասարի» հետ արտագնա մրցավեճում. «Այնպիսի տպավորություն էր, որ «Գանձասարի» դարպասը փակ էր մեզ համար այս խաղում, քանի որ 5 գոլային պահեր ունեցանք, որոնցից 3-ը կարելի է 200 տոկոսանոց անվանել: Նման իրավիճակներում ավելի դժվար է չխփելը քան` խփելը, ուստի զարմանալի է, որ գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում: «Գանձասարն» էլ 2 անգամ գոլային պահ ստեղծեց մեր դարպասին: Մենք պետք է անպայման երեք միավորով վերադառնայինք Կապանից, բայց, ցավոք, չստացվեց»:
«Արարատի» հիմնական մրցակից «Փյունիկը» մեծ դժվարությամբ 1:0 հաշվով առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` իր սաները ծանրաբեռնվածության պատճառով չկարողացան ցուցադրել իրենց ողջ կարողությունները: «Ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կար, քանի որ առաջնության այս շրջանում բավական հաճախ ենք հանդիպումներ անցկացնում: Դա էր պատճառը, որ առաջին կեսում, երբ թարմ էին գոլային պահեր հաճախ էին ստեղծում, իսկ 2-րդ կեսում արդեն բնավորություն ցուցաբերելով կարողացան հաղթել: Կփորձենք վերականգնվել եւ հաջող հանդես գալ նաեւ մյուս հանդիպումներում: Այսօր մեր տրամադրության տակ կան 25 ֆուտբոլիստներ եւ փոփոխությունների շնորհիվ կարող ենք թարմ տեսքով ներկայանալ մյուս խաղերին»:
«Կիլիկիայի» ավագ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը գտնում է, որ նույն հաջողությամբ կարող էին հաղթել նաեւ «Կիլիկայի» խաղացնողները. «Ես գոհ եմ մեր թիմի խաղից: Տղաները նվիրված հանդես եկան եւ տատկտիկապես գրագետ ֆուտբոլ ցուցադրեցին, ուղղակի մեր խաղացողների անհատական վարպետությունը կաղում է, որը մեր ամենամեծ խնդիրն է: Առաջին կեսում երկու 100 տոկոսանոց պահ ունեցանք, որոնք պետք է ավարտվեին դարպասի գրավումով: Միգուցե մենք մեր խաղով ստիպեցինք «Փյունիկին» ավելի պասիվ հանդես գալ: Համենայնդեպս ես շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի կապացությամբ: Նրանք կամային որակներ ցուցաբերեցին: Նույն հաջողությամբ մենք կարող էինք հաղթել այս խաղում: Բախտը «Փյունիկին» կողմն էր»: