ՔԱՐԱՄՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներից ոչ բոլորն էլ հանգստյան օրերին իրենց ակումբների կազմում դուրս եկել խաղադաշտ: Կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը Ռումինիայի առաջնության 7-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Տիմիշոարայի» կազմում: Քարամյանի թիմը հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Ունիվերսիտատայի» նկատմամբ, իսկ Արտավազդը 87-րդ րոպեին խփել է 3-րդ գնդակը: Արտավազդի երկվորյակ եղբայրը` Արմանը, այս հանդիպմանը չի մասնակցել: Այս հաղթանակից հետո «Տիմիշոարան» 16 միավորով բաժանում է 2-4-րդ հորիզոնակնները «Ստյաուայի» եւ «Դինամոյի» հետ, իսկ մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորում է «Ունիրեան»:
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» հերթական պարտությունն է կրել, այս անգամ հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջելով Սամարայի «Կռիլյա Սովետովին»: Հյուրերի դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջին կեսում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը, սակայն երկրորդ կեսի 15-րդ րոպեին «Կռիլյա Սովետովի» չեխ հարձակվող Յան Կոլերին հաջողվեց բացել հաշիվը: Քիչ անց հաշիվը տուգանային հարվածով կրկնապատկել է Բուդիլինը: Նախավերջին րոպեին Կոլերը մեն-մենակ է դուրս եկել Բերեզովսկու դեմ եւ ստիպել է Հայաստանի հավաքականի դարպասապահին խախտել խաղի կանոները: Մրցավարը 11 մետրանոց է նշանակել եւ կարմիր քարտի արժանացրել Ռոմանին` վերջին հույսի խաղի կանոնների խախտման համար:
Դանիայի առաջնության 7-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Հորսենսի» հետ հանդիպումը: Ռոբերտ Արզումանյանը այս հանդիպմանը հետեւել է պահեստայինների նստարանից: «Ռանդերսը» 10 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: