ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը գիշերը, ժամը 1-ին, Իսպանիայի Ալբասետե քաղաքում կհյուրընկալվի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին: 2008թ. ընթացիկ Հայաստանը 2-րդ անգամ է հանդիպում Եվրոպայի չեմպիոնի թիմի հետ:
Առաջինը հունիսի 1-ին էր, երբ Հայաստանը Գերմանիայում ստուգողական հանդիպում անցկացրեց Եվրոպայի 2004թ. չեմպիոն Հունաստանի հետ, բայց մոտ մեկ ամիս անց Եվրոպայի կոչումը նվաճեց արդեն Իսպանիան:
Այսօր կայանալիք հանդիպումը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում է, որտեղ Իսպանիայի եւ Հայաստանի հավաքականները ընդգրկված են եվրոպական գոտու 5-րդ խմբում:
Եթե Եվրոպայի առաջանություններում իսպանացիներին 2 անգամ հաջողվել է նվաճել չեմպիոնի կոչումը, ապա աշխարհի առաջնություններում նրանք հպարտանալու գրեթե ոչինչ չունեն: Իսպանիայի հավաքականը միայն 1930 եւ 1938թթ. ընտրական փուլերին չի մասնակցել(1982թ. աշխարհի առաջնության ուղեգիր Իսպանիան նվաճեց որպես կազմակերպիչ), իսկ մնացած դեպքերում իսպանացիները հիմնականում հաջողությամբ են մասնակցել եւ ընդհանուր առմամբ 12 անգամ իրավունք են ստացել հանդես գալու աշխարհի առաջնություններում: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի լավագույն արդյունքը 1950թ. աշխարհի առաջնությունում գրաված 4-րդ հորիզոնականն է: Այս արդյունքից հետո իսպանացիները այլեւս մոտ չեն եղել հաջողությանը: Վերջին 3 տասնամյակում բավական հեշտությամբ հաղթահարելով ընտրական փուլի արգելքը` իսպանացիները նույնպիսի հեշտությամբ էլ թողնում էին պայքարը եզրափակիչ փուլում: Աշխարհի վերջին` 2006թ. աշխարհի առաջնությունում Իսպանիան ֆավորիտների թվում էր, սակայն Լուիս Արագոնեսի գլխավորած հավաքականը այս անգամ 1/8-րդ եզրափակիչում զիջեց 1:3 հաշվով Ֆրանսիայի հավաքականին:
Ներկայումս Իսպանիայի հավաքականը մարզում է Վիսենտե Դել Բոսկեն, որը հավաքականը գլխավորեց «Եվրո-2008»-ի ավարտից հետո: 57-ամյա մասնագետի գլխավորությամբ իսպանացիները իրենց առաջին հանդիպումը անցկացրեցին օգոստոսի 20-ին` հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկելով Դանիայի հավաքականի դարպասը, իսկ պաշտոնական առաջին խաղում սեպտեմբերի 6-ին 1:0 հաշվով առավելության հասան Բոսնիայի նկատմամբ: Դել Բոսկեն որպես ֆուտբոլիստ եւ մարզիչ հայտնի է Մադրիդի «Ռեալում» ունեցած գործունեությամբ: 1999 թ. երկարատեւ աշխատանքի անցնելով «Ռեակում», Դել Բոսկեն հաղթեց գրեթե բոլոր հնարավոր մրցաշարերում, այդ թվում Չեմպիոնների լիգայում:
Իսպանիայի հավաքականի հավաքականի ներկայիս կազմում նկատելի են երիտասարդ ֆուտբոլիստները. Սերխիո Ռամոս, Բոյան Կրկիչ, Սեսկ Ֆաբրեգաս, Դիեգո Կապալ: Այս խաղացողները երիտասարդ են, բայց շնորհիվ իրենց ակումբային ելույթների բավական հայտնի համաշխարհային ֆուտբոլում: Բոյան Կրկիչը առայժմ հավաքականում հանդես գալու փորձ չունի, սակայն գլխավոր մարզիչը նրա հետ մեծ հույսեր է կապում, առավել եւս` որ վնասվածք ունի Ֆեռնանդո Տորեսը: Ներկայիս հավաքականի ամենափորձառու խաղացողը Իկեր Կասիլյասն է, ով 84 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում:
Լավագույն ռմբարկուն Դավիթ Վիլյան է, որը 19 գոլի հեղինակ է դարձել ազգային թիմի կազմում: