Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 ՌՈԲԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ է ՊԱՏՐԱՍՏ

Սպորտ

Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որը Թուրքիայի հետ սեպտեմբերի 6-ին կայացած խաղում վնասվածքի պատճառով փոխարինվեց առաջին կեսում, այսօր կմասնակցի Իսպանիայի հավաքականի դեմ կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ալբասետեյում գտնվող Հայաստանի հավաքականի դարպասապահներից Գեւորգ Կասպարովը:

Հանդիպումը կայանալու է Ալբասետեի «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում, որը տեղավորում է 17.500 հանդիսական: Սպասվում է, որ մարզադաշտում կլինեն նաեւ հայ ֆուտբոլասերներ:

«Իսպանիայում մեծ թվով հայեր են ապրում, սակայն այս մարզադաշտը այնքան էլ մեծ չէ եւ հայերի թիվը չեմ կարծում թե մեծ կլինի», - ասաց Գեւորգ Կասպարովը: Հայ ֆուտբոլիստը ընդգծեց նաեւ, որ Ալբասետեում նկատելի է ֆուտբոլային խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, քանի որ Իսպանիայի հավաքականը հազվադեպ է այստեղ ընտրական հանդիպումներ անցկացնում:

Հայաստան - Թուրքիա (0:2) խաղից հետո հայ ֆուտբոլիստները խիստ ընկճված էին, սակայն Կասպարովի կարծիքով հավաքականը արդեն հասցրել է վերականգնվել. «Շատ ծանր պարտություն կրեց մեր հավաքականը, բայց կյանքը շարունակվում է եւ տղաները լավ են տրամադրված այս խաղում, քանի որ հանդես են գալու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի դեմ»:

Գեւորգ Կասպարովը հայտնեց նաեւ, որ վնասվածք ունի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որը Թուրքիայի հետ խաղում փոխարինման դուրս եկավ 2-րդ կեսում: