Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՐՔԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ` 4:0

Սպորտ

Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտում կայացավ Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումը: «Եվրո-2009»-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանը զիջեց 0:4 հաշվով:

Հանդիպումից առաջ Հայաստանի օրհներգն «Ալի Սամի Յեն» մարզադաշտում հնչեց թուրք ֆուտբոլասերների սուլոցների ուղեկցությամբ:

Առաջին կեսում թուրքերի առավելությունը բացահայտ էր, սակայն որոշ ժամանակ հայ երիտասարդներին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Հաշիվը բացվեց 26-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո Կարադենիսն օգտվելով մեր ընտրանու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի անվստահ խաղից, գլխի հարվածով գրավեց դարպասը: 8 րոպե անց արդեն Գյունորը կրկին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ գլխի դիպուկ հարվածով: Հաշիվը կրկնապատկելուց հետո եւս Թուրքիայի հավաքականը շարունակում էր գրոհել, եւ 45-րդ րոպեին Կարադենիզը շրջադարձ հարվածով 3-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը:

2-րդ կեսը եւս անցավ թուրքերի առավելությամբ, սակայն այս անգամ տանտերերը հաջողության հասան մեկ անգամ. 56-րդ րոպեին աչքի ընկավ Հուրմասին:

2-րդ ընտրական խմբի մյուս խաղում Չեխիայի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Ուկրաինային: Թուրքիան այս խմբում 19 միավորով գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ ուկրաինացիները 15 միավորով զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Հայաստանը 10 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: