ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՌԵՎԱՆՇԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտում կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին:
«Եվրո-2009»-ի ընտրական այս մրցավեճում Թուրքիայի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 1.20 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակը գնահատվել է 11.00 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 5.25 գործակից: Այն, որ Հայաստանը չի պարտվի այս խաղում, խաղադրույք է ընդունվում 3.20 գործակցով:
Մինչդեռ օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասադրական հավաքականը արդեն հաղթել է թուրքերին, «Հրազդան» մարզադաշտում առավելության հասնելով 2:1 հաշվով: Դա Թուրքիայի հավաքականի միակ պարտությունն է ընթացիկ ընտրական փուլում:
Բուքմեյքերները անահավանական հաշիվը համարվում են Թուրքիայի 2:0 հաշվով հաղթանակը, որի համար սահմանվել է 6.00 գործակից:
Ի տարբերություն օգոստոսի 20-ին կայացած հանդիպման, այս անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում բացակայում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմի լավագույն ռմբարկու Հովհաննես Գոհարյանը, ով երեւանյան մրցավեճում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Գոհարյանը առայժմ անձնագրի հետ կապված խնդիր ունի: Փոխարենը կրկին խաղադաշտ դուրս կգա «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը առաջին խաղում որակազրկված էր:
«Ալի Սամի Յեն» մարզադաշտը, որում կկայանա հանդիպումը, ունի մոտ 24 հազար նստատեղ: Այստեղ իր հանդիպումներն է անցկացնում «Գալաթասարայ» ակումբը: Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 22:00-ին: