«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը համագործակցություն է սկսում ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ նահանգների, Չինաստանի ժողովրդական հանրապետության, Ռումինիայի, Եգիպտոսի եւ Լիբանանի դեսպանատների հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ դեսպանատների աջակցությամբ «Ոսկե ծիրան» փառատոնը հնարավորություն կունենա այդ երկրների ռեժիսորների ֆիլմերը եւ եվրոպական կինոյի լավագույն նմուշները ներկայացնել հայ հանդիսատեսին:
Ինչպես նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սյուզան Բադենշտայնը, այս տարի Վիլյամ Սարոյանի 100- ամյակի առիթով կկայանա նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրությունը եւ սա գերազանց հնարավորություն է մշակույթները մեկտեղելու մի տեղ:
Իսկ ՀՀ-ում Եգիպտոսի հյուպատոս Աբդըլ Մոհսեն Սայըդ Շասեյը ասաց, որ շատ ուրախ է համագործակցության համար: Եգիպտոսի եւ Լիբանանի դեսպանատների աջակցությամբ կներկայացվի «Արաբական գիշերներ» ծրագիրը՝ այսպիսով ընդլայնելով «Ոսկե ծիրանի» աշխարհագրությունը: Այստեղ կներկայացվեն Եգիպտոսի, Պաղեստինի, Լիբանանի եւ Սիրիայի ռեժիսորների ֆիլմերը: Նա ցավում է, որ մինչ այդ իրենք չեն մասնակցել փառատոնին:
Եվրոպայի խորհուրդն էլ հուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 18-ին նախաձեռնել է կոնֆերանս՝«Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով, եւ որին կմասնակցի նաեւ 16 հոգուց բաղկացած խումբ Եվրոպայից:
Նշենք, որ այս տարի բոլոր ցանկացողները ֆիլմերը կարող են դիտել «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում: