Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԻ ՄՈՌԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Բարսեղ Կիրակոսյանը ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս Պյատիգորսկի «Մաշչուկում», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում:

«Այստեղ ես համարվում եմ հիմնական կազմի ֆուտբոլիստ եւ ընթացիկ առաջնությունում բավական հաճախ եմ դուրս գալիս խաղադաշտ», - ասաց Կիրակոսյանը:

«Մաշչուկը», որը բավական համեստ հնարավորություններով ակումբ է, այնքան էլ հաջող հանդես չի գալիս առաջին դիվզիոնում: 22 թիմերի պայքարում Բարսեղի ակումբը ընդամենը 18-րդ տեղում է եւ կարող է դուրս մնալ առաջին դիվիզիոնի առաջնությունությունից. «Մեր թիմը գոյատեւում է միայն ակումբի նախագահի միջոցներով, որը ֆուտբոլի մեծ սիրահար է:

Համեստ հնարավորություններ, համեստ առաջադրանք. մտնել լավագույն տասնյակ: Մեկնարկը հաջող ստացվեց, 2:0 հաշվով հաղթեցինք «Կուբանին», որը առաջին դիվիզիոնի լավագույն թիմերից մեկն է: Վերջին հանդիպումներից այնքան էլ հաջող հանդես չենք գալիս: Դա է պատճառը, որը այժմ գտնվում ենք ցածր հորիզոնականներում»:

Ըստ Կիրակոսյանի` «Մաշչուկը» ի զորու է կատերել այդ խնդիրը. «Թիմը երիտասարդ կազմ ունի: Լեգեոներներ գրեթե չկան: Պարզապես ժամանակ է պետք, որ մեր թիմը իր խոսքի ասի: Առջեւում դեռ մոտ երեք տասնյակ հանդիպումներ կան, որոնցում շատ բան կարող է փոխվել»:

Բարսեղը չի մոռացել նաեւ Հայաստանի հավաքականի մասին, թեեւ արդեն մի քանի տարի է` չի հրավիրվում ազգային թիմ. «Հայաստանի հավաքականի ելույթներին միշտ հետեւում եմ եւ կարող եմ ասել, որ տղաները սկսել են հաճախակի ուրախացնել: Ահա ոչ-ոքին Հունաստանի հետ: Կարծում եմ` լավ արդյունք է, քանի որ մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն էր: Դրանով ամեն ինչ ասված է: Հույս ունեմ` ես դեռ հնարավորութուն կունենամ հանդես գալ Հայաստանի հավաքականում»: