ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏԸ NHL-ՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի Հայաստանի հավաքականը իր կազմում կարող է ունենալ NHL ում հանդես եկող աստղ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
Խոսքը օրերս «Ատլանտայի» հետ պայմանագիր կնքած 17-ամյա Զակ Բոգոսյանի մասին է: Կանադահայ այս հոկեյիստը, նախորդ մրցաշրջանում հանդես գալով Օնտարիոյի «Պիտերսբորո Պիտս» թիմում, դարձավ իր թիմի գլխավոր ռմբարկուն, թեեւ հանդես է գալիս պաշտպանությունում: Բացի իր տպավորիչ ատլետիկ տվյալներից` Բոգոսյանը նաեւ սահելու հիանալի տեխնիկա ունի, որը երիտասարդ պաշտպանների մոտ այնքան էլ հաճախ չի հանդիպում: Ագրեսիկ այս հոկեյիստի գլխավոր թերությունը շտապողականությունն է, սակայն անձամբ Բոգոսյանը դա լավ գիտակցում է եւ աշխատում է այդ ուղղությամբ: Հաջող հանդես գալով «Պիտերսբորո Պիտսում» Բոգոսյանը հայտնվեց NHL-ի 2008թ դրաֆտում (իրենց առավել լավ դրսեւորած երիտասարդ հոկեյիստներ, որոնք հնարավորություն են ստանում հանդես գալ ուժեղագույնների մրցաշարում), որտեղ զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականում:
«Ես երկար էի նախապատրաստվել այս դրաֆտին: Ուրախ եմ, որ իմ երազանքը վերջապես իրականացավ եւ ես հանդես կգամ NHL-ում», - ասել է Բոգոսյանը: Թեեւ «Ատլանտան» նախորդ մրցաշրջանում անհաջող է հանդես եկել, սակայն Զակը համոզված է, որ գալիք մրցաշրջանում թիմը լրիվ այլ արդյունք կցուցադրի: Իսկ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան մտադիր է տաղանդավոր հոկեյիստին հրավիրել Հայաստանի ազգային հավաքական: Ըստ ՀՀՖ-ի նախագահ Կարեն Խաչատրյանը հավաստմամբ դա այնքան էլ հեշտ չէ. «Բոգոսյանը պետք է ունենա երկքաղաքացիություն, որպեսզի իրավունք ստանա հանդես գալ Հայաստանում: Նա հանդես չի եկել որեւէ այլ երկրի հավաքականում եւ իրավունք ունի մեր ընտրանու կազմում մասնակցելու պաշտոնական հանդիպումների: Պարզապես սա բարդ իրավաբանական գործընթաց է, որի համար կպահանջվի մոտ 2 տարի»: Ավելացնենք, որ NHL-ը աշխարհի ուժեղագույն մրցաշարն է, որտեղ հանդես են գալիս ԱՄՆ-ի եւ Կանադայի ուժեղագույն ակումբները: