ՔԱՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2008»-ի կիսաեզրափակիչում կհանդիպեն Գերմանիա - Թուրքիա, եւ Ռուաստան-Իսպանիա զույգերը: Եթե գերմանացիների եւ իսպանացիների հայտնվելը կիսաեզրափակիչում անսպասելի չէր, ապա Ռուսաստանի եւ Թուրքիայի հաջողությունը մեծ անակնկալ էր:
Քառորդեզրափակիչում ամենամեծ անակնկալը մատուցեցին ռուսները, որոնց պայքարից դուրս թողեցին Հոլանդիայի հավաքականին: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփելով 2 գնդակ Գուս Հիդինկի սաները առավելության հասան 3:1 հաշվով:
«Մենք ուժեղ էինք մրցակցկից ֆիզիկապես, տեխնիկապես եւ տակտիկապես», - հանդիպումից հետո ասել է Հիդինկը, որը ազդությամբ հոլանդացի է. «Ես հպարտանում եմ իմ խաղացողներով, քանի որ Շվեդիայի հետ հանդիպումից հետո մենք ընդամենը 2 օր ունեինք վերականգնվելու համար: Մենք ուսումնասիրել էինք հոլանդացիներին, նրաց վտանգավոր կողմերը չեզոքացնելու համար»: Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը չի կարողացել բացատրել, թե ինչեւ իր սաները նման անհաջող հանդիպում անցկացրեցին. «Մենք չկարողացանք ցույց այն ֆուտբոլը, որը ցույց տվեցինք խմբային մրցաշարում: Չեմ կարող ասել, թե որն է դրա պատճառը: Միգուցե նյարդայանում էինք: Ռուսաստանը լավ խաղաց եւ արժանի էր հաղթանակի»:
Կիսաեզրափակիչում ռուսները կմրցեն Իսպանիայի հետ, որին խմբային մրցաշարում զիջել էին 1:4 հաշվով: Իսպանացիները քառորդեզրափակիչում պայքարից դուրս թողեցին աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականին: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11 մետրանոցները ավելի դիպուկ իրացրեցին Իսպանիայի հավաքականի խաղացողները:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը ընդգծել է, որ այս խաղում գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել չհաջողվեց. «Նույնը ես կարող եմ ասել նաեւ Իտալիայի մասին: Մենք չափից շատ դանդաղ էինք գործում: Եթե արագ փոխանցումներով խաղայինք, ապա վտանգավոր պահերը անհամեմատ շատ կլինեին: Ես դեպրեսիայի մեջ չեմ ընկնում երբ պարտվում ենք, սակայն էյֆորիայի մեջ չեմ հայտնվում, երբ հաղթում ենք: Այսօր ողջ Իսպանիան ցնծում է, սակայն մենք դեռ կարեւոր քայլ ունենք կատարելու եզրափակիչ հասնելու համար: Նախկինում քառորդ եզրափակիչում խնդիրներ շատ ենք ունեցել: Ուրախ եմ, որ վերջապես հաղթահարեցինք այն: Հուսով եմ մեզ կհաջողվի հասնել եզրափակիչ: Շատ մեծ է ցանկությունը հաղթել այս առաջնությունում»:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտդո Դոնադոնին կարծում է, որ իր խաղացողները ամեն ինչ արեցին դրական արդյունքի համար. «Չկար մի ֆուտբոլիստ, որը ուժասպառ չէր եղել այս խաղում, այդ թվում նրանք, ովքեր դուրս եկան փոխարինման: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, որոնք այդպես վճռական էին տրամադրված եւ կռվեցին խաղադաշտում»: