ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ «ՔԱՇԵԼ ԵՆ» ՀԱՅԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում այս օրերին սնկի պես աճել են բուքմեյքերական գրասենյակները, որոնց թիվը հաշվելը բավական բարդ խնդիր կլինի նույնիսկ վիճակագրության ծառայության համար:
Բուքմեյքերական այս «բումը» պայմանավորված է այս օրերին Ավստրիայում եւ Շվեյցարիայում ընթացող «Եվրո-2008»-ով, քանի որ առաջնության ընթացքում նաեւ ոչ մոլի ֆուտբոլասերները խաղադրույք են կատարում, փորձում են գուշակել թե ով կդառնա չեմպիոն: Օրինակ` երեկ կայացած Պորտուգալիա - Գերմանիա խաղի ընթացքում բուքմեյքերական գրասենյակների կողքով անցնելից կարելի էր լսել, թե ինչպես պորտուգալացի ֆուտբոլիստներին «գրողի ծոծը» ուղարկում, գերմանացիներին մեղադրում սառնասրտության մեջ, պորտուգալացիների դարպասապահ Ռիկադրուն անվանում «հավ բռնող»:
«Խաղադրույքները մեծ թիվ են կազմում հատկապես օնլայն-տարբերակում, երբ հնարավորություն կա խաղի ընթացքում կատարել խաղադրույք, այս կամ այն թիմի վրա», - պատմում է 24-ամյա Մհերը, որը մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկն եւս գրասենյակում խաղադրույքներ էր մուտքագրում:
Ըստ նրա` ֆուտբոլասերներին հատկապես «քաշել» են Իտալիա - Ռումինիա, եւ Չեխիա - Թուրքիա խաղերը.«Իտալացիներն աշխարհի չեմպիոն են եւ շատերը մտածում էին, Ռումինային անպայման կհաղթեն, քանի որ առաջին խաղում պարտվել էին Հոլանդիային: Մարդիկ 100 հազարներով փող էին դրել: Մի քանիսը եկան օնլայն տարբերակում ոչ-ոքի դրեցին նաեւ, որ ետ բերեն կորցրած, բայց երբ Ռումինիան առաջինը գոլ խփեց մի քանի հոգի «գունատվել» էին»:
Ի վերջո, այս խաղը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ահա Չեխիա - Թուրքիա խաղում ոչ ոք չէր կարողացել ապահովագրել իր խաղադրույքը. «Այս խաղում չեխերի վրա էին շատ դրել: Կային նաեւ ոչ-ոքի խաղացողներ: Թուրքիայի վրա դնողները շատ քիչ էին: Երբ Չեխիան հաղթում էր 2:0 հաշվով, շատերը արդեն պատրաստվում էին շահումները վերցնելուն, նույնիսկ բարձրաձայն ասում էին, թե շահած գումարը հաջորդ օրը կայանալիք որ խաղերի վրա են դնելու: Բայց երբ, թուրքերը 3 գոլ խփեցին խաղավերջում, մեր գրասենյակում «քար լռություն» էր, մարդկանց հետ խոսել հնարավոր չէր»:
Եղել են նաեւ հանդիպումներ, երբ մեծ թիվ են կազմել հաղթողները: Դրա վառ օրինակ Ռուսաստան-Շվեդիա հանդիպումն է: «Ռուսներին Հայաստանում շատ են երկրպագում, երեւի դա է պատճառը, որ այս հավաքականի հաղթանակին ավելի շատ էին հավատում: Այդ օրը շատերի ուրախությանը չափ ու սահման չկար», - շարունակում է պատմել Մհերը, - «Երբ Արշավինը խփեց 2-րդ գնդակը բոլորը վեր թղան բղավոցներով, սակայն մի պահ հիշեցին Չեխիա - Թուրքիա խաղը եւ լրջացան: Բայց այս խաղում չկրկնվեց այդ խաղի սցենարը»:
Մեծ թիվ են կազմում նաեւ նրանք, ովքեր պարզապես խաղադրույք են կատարում, թե ով կհաղթի առաջնությունում. «Առաջնության մեկնարկից առաջ շատ էին դնում Գերմանիայի վրա: Կային նաեւ նույնիսկ Ռուսաստանի եւ Խորվաթիայի վրա դնողներ: Խմբային մրցաշարի ավարիտից հետո Գերմանիային արդեն չեն հավատում, հիմա դնում են Հոլանդիայի վրա եւ շատ ավելի մեծ թվեր, քան մեկնարկից առաջ»:
Նախկինում շատ էր խոսվում, որ անչափահասները եւս խաղադրույք են կատարում, ինչը արգելված է օրենքով: Այժմ նրանց Մհերի հավաստմամբ, նոր հնարք են գտել. «Գալիս են հայրիկների հետ: Համոզում են դնել նախատեսվածից մի քանի հազար դրամ շատ: Այժմ արդեն միայնակ անչափահասներ չեն մտնում գրասենյակ, քանի որ գիտեն, որ իրենց խաղադրույք վերցնող չկա»:
Նախկինի պես բուքմեյքերական գրասենյակներ այցելելու հնարավորություն չունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Դրա փոխարեն նրանք գնում են բացօթյա սրճարաններ, որտեղ այս օրերին խաղադրույքներ են ընդունվում: 31-ամյա Նարինեն ֆուտբոլով հրապուրված չէ, բայց որպես կանոն խաղադրույք է կատարում Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ժամանակ. «Համոզված էի, որ Խորվաթիան հաղթելու է Գերմանիան: Չեմ կարող ասել ինչեւ, բայց համոզված էի եւ այդպես էլ եղավ եւ ես հաղթեցի մեծ գումար: Դրանից հետո արդեն ինձանից են հարցնում, թե ով կհաղթի: Բայց եթե անկեղծ լինեմ, դա միակ խաղն էր, որը ճիշտ եմ գուշակել»: