ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2008»-ին հրաժեշտ տվեց նաեւ մյուս կազմակերպիչը` Ավստրիան: Ավելի վաղ խմբային մրցարից դուրս էր մնացել նաեւ Շվեյացրիայի հավաքականը:
Լեհաստան Խորվաթիա 0:1
Խորվաթիայի հավաքականը մինչ այս արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը B խմբում, սակայն դա չխանգարեց Սլավեն Բիլիչի սաներին հաղթել նաեւ այս խաղում, թեեւ լեհերին անհրաժեշտ էր 3 միավոր վաստակել եւ հուսալ, որ զուգահեռաբար ընթացող խաղում Գերմանիան կպարտվի Ավստրիային: Խորվաթները խաղադաշտ էին եկել 2-րդ կազմով եւ դա էլ բավական էր` Լեհաստանին նվազագույն հաշվով հաղթելու համար: 53-րդ րոպեին աչքի ընկավ Կլասնիչը: Խորվաթիայի հավաքականը, հաղթելով խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներում, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիայի հետ:
«3 խաղում հաղթելը հիանալի արդյունք է, հատկապես երբ խոսքը Եվրոպայի առաջնության մասին է , - հանդիպումից հետո ասել է Սլավեն Բիլիչը, - իհարկե, մենք առաջինը չենք, որ նման արդյունքի ենք հասնում, սակայն նման թիմերի քանակը շատ չէ: Փաստորեն, ճիշտ էր այն կարծիքը, որ այս տղաները կարող են լավ խաղ ցուցադրել: Եթե չլիներ Արթուր Բորուցի վարպետությունը, մենք դեռեւս 1-ին կեսում 2 գնդակ կուղարկեինք Լեհաստանի դարպասը: Մենք հաղթեցինք ոչ թե նրա համար, որ լեհերը վատ խաղացինք, այլ մենք փայլեցինք եւ հոյակապ հանդիպում անցկացրեցինք»:
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը մրցաշարից առաջ պնդում էր, որ իր սաները կարող են ոչ միայն դուրս գալ խմբից, այլեւս հասնել մինչեւ եզրափակիչ, սակայն խմբային մրցաշարի 3 խաղերում լեհերը ընդամենը 1 միավոր վաստակեցին` եզրափակելով այս խմբի մրցաշարային աղյուսակը. «Մենք հիասթափված ենք, քանի որ լրիվ այլ արդյունք էինք ակնկալում: Ողջ մրցաշարը մենք անցկացրեցինք նույն մակարդակով եւ ցույց չտվեցինք այն մակարդակի ֆուտբոլ, որը մեզ թույլ էր տվել դուրս գալ եզրափակիչ փուլ: Առանցքային ֆուտբոլիստներ Էբի Սմոլյարեկը, Մարիուշ Լեւանդովսկին, Յացել Կժինուվեկը, որոնք օգնել էին մեզ հաղթել ընտրական մրցաշարում, այնքան էլ լավ մարզավիճակում չէին: Ես չեմ մեղադրում նրանց: Ոչ մի խաղացող չի կարող 3 տարի անընդմեջ աչքի ընկնել կայուն խաղով: Առավել եւս, երբ մրցակիցները նման բարձրակարգ հավաքականներ են: Խորվաթիան հիանալի թիմ է: Մրցաշարը սկսելով ետնապահի դերում, ինչ թվում է` նրանք այն կարող են ավարտել հաղթանակով»:
Ավստրիա - Գերմանիա 0:1
Գերմանացիներին այս խաղում ապահովության համար անհրաժեշտ էր հաղթել, որն էլ նրանք արեցին: 49-րդ րոպեին Միքայել Բալակը, տուգանային հարվածով գրավելով ավստրիացիների դարպասը, դուրս բերեց Գերմանիային քառորդ եզրափակիչ, որտեղ Յոահիմ Լեւի սաները կմրցեն Պորտուգալիայի հետ:
Ամեն դեպքում Ավստրիայի հետ խաղը ցույց տվեց, որ գերմանացիները խաղային լուրջ խնդիրներ ունեն եւ այն կարծիքը, թե այս հավաքականն է մրցաշարի գլխավոր ֆավորիտը, մեղմ ասած` վստահություն չի ներշնչում: