Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՀԱՅՏՆԻ Է

Սպորտ

Օլիմպիական վարկանիշային մրցումները գրեթե ավարտվել են եւ արդեն պարզ է, թե Հայաստանը ինչ կազմով է մեկնելու 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերին: Պաշտոնական նման իրավունք ունի 23 մարզիկ, որոնց հնարավոր միանան եւս 1-2-ը, սակայն ՄՕԿ-ի կողմից «սպիտակ քարտ» ստացողները խաղերին մասնակցում են պարզապես մասնակցելու համար: Իսկ ահա ուղեգիր նվաճած 23 մարզիկներից մեծ մասը մեդալ նվաճելու մտադրությամբ են մեկնելու մրցավայր:

Ծանրամարտ

Այս մարզաձեւի Հայաստանի հավաքականը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում բավական հաջող հանդես եկավ նվաճելով մեծ թվով մեդալներ: Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել 5 հայ ծանրորդներ եւ մեկ ծանրորդուհի: Ծանրամարտում ուղեգրեր տրվում են ընդհանուր հավաքականին, իսկ կազմը որոշում է մարզիչը: Սակայն ակնհայտ է, որ հիմնական կազմում տեղ կունենան Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը, որոնք հանդես են գալիս 77 կգ քաշային կարգում, երկու Տիգրան Մարտիտրոսյանները, որոնցից մեկը ելույթ է ունենում 69 կգ քաշային կարգում, իսկ մյուս` 85կգ-ում: Այս մարզիկները հատկապես հաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնություններում, իսկ աշխարհի առաջնությունում Գեւորգ Դավթյանը դարձել է փոխչեմպիոն:

2007թ. Հայաստանի լավագույն մարզիկը, թերեւս մեդալի ամենառեալ հավակնորդն է մեր օլիմպիականներից: Կանանց պայքարում հանդես կգա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, որից եւս սպասելիքները մեծ են: Հայաստանի հավաքականի վերջին տարիներին մեծ թվով մեդալների է արժանացել, սակայն նրա իրական ուժը ի հայտ կգա հենց Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում, որը իր կազմով չի կարող համեմատվել Եվրոպայի եւ նույնիսկ աշխարհի առաջնության հետ: Անկախացած Հայաստանի պատմության մեջ հայ ծանրորդները ընդամենը մեկ մեդալ են նվաճել օլիմպիական խաղերում: 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի արժանացավ Արսեն Մելիքյանը:

Ըմբշամարտ

Հունա-հռոմեական եւ ազատ ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշները միասին 9 ուղեգրի արժանացան, որոնցից 6-ին տիրացան հունա-հռոմեական ոճի հավաքականի անդամները: Այս ոճում մեր ըմբիշները կպայքարեն բոլոր քաշերում բացառությամբ 96կգ-ի: Մեծ են սպասելիքները գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւից: Ռուս լեգեոները 2007թ. Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ 2008թ. Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Պատրիկեեւը հիանալի մարզավիճակում է եւ մասնագետների հավաստմամբ` կարող է նույնիսկ ոսկու համար պայքարել:

Պայքարի մեջ կմտնեն նաեւ 55կգ քաշային Ռոման Ամոյանը, 60կգ Կարեն Մնացականյանը, 66կգ Արման Ադիկյանը, 75կգ Լեւոն Ջուլֆալակյանը, 84կգ Դենիս Ֆորովը: Ազատ ոճայիններից հանդես կգան 60կգ Մարտին Բերբերյանը, 66կգ Սուրեն Մարկոսյանը, 84կգ Հարություն Ենոքյանը: Ավելորդ չէ նշել, որ վերջին անգամ հայ ըմբիշները օլիմպիական խաղերում մեդալի են արժանացել 1996թ. Ատալանտայի խաղերում:

Բռցնքամարտ

Օլիմպիական խաղերում Հայաստանը այս մարզաձեւում սովորաբար քիչ թվով մարզիկներ է ներկայացնում: Ռեկորդը 1996թ. խաղերն էին, երբ ԱՄՆ-ը մեկնեցին միանգամից 4 բռնցքամարտիկները: Եւ ահա 12 տարի անց ռեկորդը կրկնվեց: Հայաստանի հավաքականում կրկին 4 մարզիկներ են: Պեկինում հանդես կգան 48կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 60կգ Հրաչյա Ջավախյանը, 64կգ Էդվարդ Համբարձումյանը, 75կգ Անդրանիկ Հակոբյանը: Որքան էլ լավատես լինենք, այս մարզիկները լավագույն դեպքում կարող են հավակնել բրոնզե մեդալների:

Ձյուդո

Ձյուդոյում եւս Հայաստանը երբեք մասնակիցների մեծ քանակ չի ապահովել, իսկ այս տարի առաջին անգամ օլիմպիական խաղերին կմասնակցեն միանգամից 2 ձյուդոիստներ: 60կգ քաշային կարգում հանդես կգա Հովհաննես Դավթյանը, իսկ 66 կգ քաշային կարգում փորձառու Արմեն Նազարյանը:

Հրաձգություն

Այս մարզաձեւում Հայաստանը մեկ ուղեգիր է նվաճել: Խոսքը փորձառու Նորայր Բախտամյանի մասին է, որը 2004թ. խաղերին գրավեց 4-րդ հորիզոնականը: Նորայրը պայքարելու է 10 եւ 50 մետր տարածությունից օդամղիչ ատրճանակով անցկացվող մրցումներում եւ հնարավորություն ունի նույնիսկ նվաճելու 2 մեդալ: Ի դեպ, Բախտամյանը 37 տարեկան է եւ մեր մասնակիցներին ամենավագն է Պեկինում:

Ատլետիկա

Օլիմպիական խաղերում հանդես եկավ նիզականետորդ Մելիք Ջանոյանը: Գյումրեցի այս մարզիչը վերջին տարիններին մարզվում է Ռուսաստանում, սակայն առանձապես լուրջ արդյունքներ ցույց չի տվել: