Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՍԱՏ ՏՈՒՐ

Սպորտ

Վաղը` մայիսի 30-ին, պետք է ավարտվեր ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին շրջանը, սակայն 7-րդ տուրի 4 հանդիպումներից կկայանան միայն 2-ը: Բացի այդ մինչ այս հետաձգվել են մի քանի հանդիպումներ, ուստի հնարավոր չէ առաջին շրջանի արդյունքները ամփոփել:

7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը պետք է կայանար Արարատի «Այգ» մարզահամալիրում, որտեղ միանձնյա առաջատար «Արարատը» հյուրընկալելու էր չեմպիոն: «Փյունիկի» միանգամից 5 ֆուտբոլիստներ ներկայումս ընդգրկված են ազգային հավաքականում, ուստի այս ինչպես նաեւ 8-րդ տուրի «Ուլիս» - «Փյունիկ» հանդիպումները հետաձգվել են: «Արարատի» առաջատար ֆուտբոլիստներից 3-ը եւս ազգային թիմում են, սակայն այս թիմի մասնակցությամբ հանդիպումներից հետաձգվել է միայն 7-րդ տուրի մրցավեճը, իսկ 8-րդ տուրում Սուքիասյանի սաները մրցելու են ետնապահ «Կիլիկիայի» հետ եւ անիմաստ կլիներ այս խաղը եւս հետաձգել: Հետաձգվել է նաեւ 7-րդ տուրի մյուս կենտրոնական հանդիպում, որում պետք է մրցեցին նախորդ առաջնության փոխչեմպիոնը եւ բրոնզե մեդալակիրը` «Բանանց» եւ «Միկան»:

Ինչեւէ, վաղը կկայանան 2 հանդիպումներ, որոնք մրցաշարային աղյուսակում կարող են լուրջ փոխոփություններ մտցնել:

«Շիրակ» - «Կիլկիկիա»

Այս խաղում հաղթելու դեպքում տանտերերը դուրս կգան 3-րդ հորիզոնական` շրջանցելով «Փյունիկին»: «Շիրակը» ընթացիկ առաջնությունում բավական հաջող է հանդես գալիս եւ զիջել է միայն առաջին 2 հորիզոնականները զբաղեցնող թիմերին` «Արարատին» եւ «Միկային»: «Կիլկիայում» իր նորամուտը կնշի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված այս թիմը պետք է փորձի վաստակել իր առաջին միավորները: Մինչ այս անցակացրած 6 հանդիպումներում «Կիլիկիայի» ֆուտբոլիստները նույնքան պարտություն են կրել` սեփական դարպասը ընդունելով միանգամից 20 գնդակ:

«Ուլիս» - «Գանձասար»

2 թիմերն էլ ընթացիկ առաջնությունում չեն արդարացնում սպասելիքները` գտնվելով ցածր հորիզոնականներում: «Ուլիսը» 3 միավորով նախավերջին 7-րդ հորիզոնականում է, իսկ «Գանձասարը» 5 միավորով` 6-րդ: 2 թիմերն էլ 1-ական հաղթանակ են տոնել միայն «Կիլիկիայի» հետ հանդիպումներում, իսկ ահա մյուս մրցակիցների հետ խաղերում հիմնականում անհաջողության են մատնվել: Հատկապես անսպասելի է «Գանձասարի» ցույց տված ցածր արդյունքները: Կապանցիները, իրենց կազմում ունենալով միանգամից 14 լեգեոներ, խիստ անկայուն խաղ են ցուցադրում: Յուրաքանչյուր հանդիպումից հետո թիմի երկրպագուները համոզվում են, որ լեգեոներների մեծ մասը մեղմ ասած, իրենց կարողություններով չեն գերազանցում տեղացիներին: