2-ՐԴ ՇՐՋԱՆԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների 2-րդ շրջանը, որին մասնակցում են 5-ական թիմեր: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առաջնության 2-րդ շրջանը Գյումրիում անցկացնելը լիովին արդարացնում է. «Հանդիպումներին մի քանի հարյուր հանդիսականներ են ներկա գտնվում, որը մեր ներքին առաջնությունների համար բավական բարձր ցուցանիշ է: Մարզասերների ներկայությունը բնականաբար ստիպում է բասկետբոլիստների ավելի լուրջ մոտենալ խաղին եւ ցույց տալ իրենց ողջ կարողությունները»: Ռոստոմյանը հույս ունի նաեւ, որ առաջնության անցկացումը այս քաղաքում լրացուցիչ խթան կհանդիսանա Շիրակի մարզում մարզաձեւը զարգացնելու համար. «Գյումրին բասկետբոլի լավ ավանդույքներ ունի: Այժմ էլ Գյումրու մանկավարժա կան ինստիտուտի թիմը լավ թիմ ունի, որը անցած տարի նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ ընթացիկ առաջնությունում առաջատարն է եւ արդեն նվաճել է փլեյ - օֆֆում հանդես գալու իրավունք»:
Մասնակիցները հանգրվանել են «Դվին» հյուրանոցում եւ Երեւան կվերադառնան մայիսի 30-ին:
Տղամարդկանց պայքարում առաջին շրջանում բավական հաջող էր հանդես գալիս «Պոլիտեխնիկը», որը համարվում է չեմպիոնի գլխավոր հավակնորդ: Այս թիմի հիմնական մրցակիցը «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն է:
Թե տղամարդկանց, թե կանանց պայքարում առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ, որը կմեկնարկի սեպտեմբերին: