Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՖԻՖԱ-Ի ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ՉԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»

Սպորտ

«Մենք միշտ էլ դուրս ենք գալիս խաղադաշտ` հաղթելու համար, - այսօր երկոյան կայանալիք Մոլդովա - Հայաստան հանդիպումից առաջ ասաց մեր ընտրանու առանցքայաին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը. - նմանատիպ հանդիպումները շատ օգտակար են հավաքականի համար: Մարզիչը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալ ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստները` մարզչին եւ նրա պահանջներին»:

Մոլդովացիները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում են 38-րդ հորիզոնականը` միանգամից 52 տեղով գերազանցելով Հայաստանին, սակայն Արզումանյանի կարծիքով` դա չի կարող ազդել հանդիպման ելքի վրա.«Իրոք Մոլդովայի զբաղեցրած դիրքը վարկանիշային աղյուսակում զարմանք է առաջացնում: Սակայն, մենք դուրս չենք գալիս խաղադաշտ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակին կարեւորություն տալով: Անկախ նրանից, ով որ հորիզոնականն է զբաղեցնում մենք հաղթելու մտադրություն ենք ունենում»:

Հավաքականում իր նորամուտը նշելու հնարավորություն է ստացել Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Մարկոսը, որի դեմ Ռոբերտը հանդես է եկել նախորդ տարիներին, երբ դեռ «Փյունիկի» կազմում էր.«Մարկոսը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա հիմնականում ավելի խորքից էր հանդես գալիս «Արարատում» եւ նրա գնդակի համար պայքարում գրեթե չէինք հանդիպում: Ամեն դեպքում կասեմ, որ շատ վտանգավոր հարձակվող է եւ կարող է օգուտ տալ հավաքականին»:

Երիտասարդ ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս դանիական «Ռանդերսում», որը օրերս ավարտված Դանիայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը.

«Դանիական թիմերի միջեւ առկա տարբերությունը շատ մեծ չէ: Այստեղ նույնսիկ ետնապահն էլ կարող է հաղթել առաջատարին: Քանի որ «Ռանդերսը» կարճ պատմություն ունեցող ակումբ է, այս արդյունքը կարելի է գնահատել բավարար»:

Ռոբերտի կարծիքով Դանիայի առաջնության մակարդակը ներկայումս բավական բարձր է.«Բոլոր թիմերն էլ ֆիզիկապես շատ լավ են պատրաստված, ինչը նրանց թույլ է տալիս արագ ֆուտբոլ խաղալ: Բոլորն էլ փորձում են պրեսինգի ենթարկել մրցակցին: Մտածելու ժամանակ խաղադաշտում չկա, քանի որ տարածություն չեն տալիս, ազատ գործելու հնարավորություն չկա»:

Ֆուտբոլիստը արդեն լիովին հարմարվել է Ռանդերս քաղաքին եւ դրանում իրենց ներդրումը ունեն նաեւ տեղաբնակ հայերը.«Սկզբում ինչպես գիտեք հիմնական կազմում անհասկանալի պատճառներով չէի հայտնվում, բայց հետագայում ամեն ինչ հարթվեց: Արդեն հարմարվել եմ թե քաղաքին, թե ակումբին: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ թիմի ֆուտբոլիստների հետ: Ռանդերս քաղաքում 10 հայկական ընթանիք կա, որոնցից 3-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եւ գրեթե ամեն օր հանդիպում ենք»:

Արզումանյանի նախկին ակումբը` «Փյունիկը», ներկայումս այնքան էլ հաջող հանդես չի գալիս Հայաստանի առաջնությունում: Թիմից հեռացան մի շարք առանցքային ֆուտբոլիստներ եւ այժմ չեմպիոնի հիմնական կազմում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Ռոբերտը եւս ժամանակին պատանեկան տարիքում է նշել իր նորամուտը այս ակումբում. «17 տարեկան էի, երբ առաջին անգամ «Փյունիկի» կազմում դուրս եկա խաղադաշտ: Ներկայիս «Փյունիկում» միայն Սարգիս Հովսեփյանը եւ Կարեն Դոխոյանն են փորձառու, իսկ այն ժամանակվա թիմի կազմը անհամեմատ ուժեղ էր: Կային արտասահմանցի եւ տեղացի փորձառու ֆուտբոլիստներ, որոնց թվում էին նաեւ Վարդան Մինասյանը եւ Արթուր Մկրտչյանը: Միայն մարզվելով եւ խաղալով կարելի է հաղթահարել դժվարությունները: Ամեն ինչ իր ժամանակի կլինի»: