4-Ի ՓՈԽԱՐԵՆ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Կկայանա ընդամենը 3 հանդիպում, քանի որ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը հետաձգվել է: Պատճառն այն է, որ «Բանանցի» 4 ֆուտբոլիստներ շուտով Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում մասնակցելու են Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդի մրցաշարին:
«Կիլիկիա» - «Փյունիկ»
Զարմանալի է, որ այս հանդիպումը եւս չի հետաձգվել, քանի որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ ընդգրկված են 19 տարեկանների կազմում: Հավանաբար, «Փյունիկի» մարզչական շտաբը նման քայլի չի գնացել, քանի որ թիմի մրցակին է ետնապահ «Կիլիկիան», որը ընթացիկ առաջնությունում առայժմ միավոր չի վաստակել` պարտվելով բոլոր հանդիպումներում: Այս հանդիպումը պետք է կայանար «Հրազդան» մարզադաշտում, սակայն վերջերս որոշվեց, որ «Կիլիկիան» այսուհետեւ մրցելու է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Երեկ հայտնի դարձավ, որ «Կիլիկիա» - «Փյունիկ» հանդիպումը ի վերջո կայանալու է «Փյունիկի» մարզաբազայում գտնվող մարդադաշտում, ուստի այս խաղում չեմպիոնը ամենեւին էլ հյուրընկալվողի դերում չի լինի: Վերջին 3 տարիներին «Փյունիկը» ընդհանրապես միավոր չի կորցրել «Կիլիկիայի» հետ հանդիպումներում:
«Գանձասար» - «Արարատ»
Սա թերեւս տուրի կենտրոնական հանդիպումն է: «Արարատը» առաջնությունում առայժմ միավոր չի կորցրել եւ փայլուն մարզավիճակում է: Սակայն, «Գանձասարը» սեփական հարկի տակ բավական վստահ է հանդես գալիս: Նախորդ մրցաշրջանում կապանցիները «Արարատին» հյուրընկալվելիս ոչինչ չկարողացան անել, իսկ ահա սեփական հարկի տակ բավական հաճախակի հաղթում էին մրցակցին: «Արարատը» հաղթանակի դեպքում կամրապնդվի առաջին հորիզոնականում եւ կդառնա առաջին շրջանի հաղթող:
Գանձասարը» այս խաղում հանդես կգա առանց Ալեքսանդր Պետրոսյանի, որը նախորդ տուրում «Փյունիկի» հետ կայացած խաղում կարմիր քարտի էր արժանացել: Նկատենք նաեւ, որ «Արարատը» ընթացիկ առաջնությունում առայժմ գնդակ բաց չի թողել:
«Միկա» - «Ուլիս»
Նախորդ տուրում «Արարատին» պարտվելով` «Միկան» հնարավորություն տվեց «Շիրակին» հավասարվել իրեն, իսկ «Փյունիկը» եւ «Բանանցը» արդեն ընդամենը 2 միավորով են ետ մնում Արկադի Անդրեասյանի սաներից: Իսկ ահա «Ուլիսը» ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս եւ 3 միավորով ընթանում է նախավերջին 7-րդ հորիզոնականում: Ամեն դեպքում բոլոր հանդիպումներում էլ «Ուլիսը» լուրջ դիմադրություն է ցույց տվել մրցակիցներին եւ հիմնականում զիջել նվազագույն հաշվով:
Հայաստանի առաջնությանը 3-րդ անգամ մասնակցող «Ուլիսը» մինչ այժմ դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել «Միկայի» հետ հանդիպումներում: