Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉԵՌՆՈ ՄՈՐԵՆ» ՊԱՐՏՎԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Բուլղարիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Վառնայի «Չեռնո Մորեն», որտեղ հանդես է գալիս Տիգրան Ղարաբաղցյանը, 0:1 հաշվով զիջեց «Լիտեքսին»:

Տիգրան Ղարաբաղցյանը հանդիպումից հետո բավական ընկճված էր: Այնուամենայնիվ, հայ ֆուտբոլիստը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ «Չեռնո Մորեն» կարող էր նաեւ այլ արդյունքի հասնել այս խաղում. «Նախ ասեմ, որ հանդիպումը կայացած Սոֆիայի այն մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս Բուլղարիայի ազգային հավաքականը: Հոյակապ մարզադաշտ էր, պարզապես խաղի ընթացավ անձրեւի ուղեկցությամբ եւ ոչ ֆուտբոլային եղանակ էր: Հիմնականում հավասար հանդիպում ստացվեց: Եզրափակիչները սովորաբար աչքի չեն ընկնում դիտարժանությամբ եւ այս հանդիպումը բացառություն չկազմեց»:

Տիգրան Ղարբաղցյանը հանդիպման սկզբում նստած է եղել պահեստայինների նստարանին, սակայն 55-րդ րոպեին մտել է փոխարինման. «2 թիմերն էլ աշխատում էին զգույշ խաղալ, իսկ մարզիչները հիմնական կազմում ընդգրկել էին 1-ական հարձակվողների: 2-րդ կեսում «Լիտեքսը» տուգանայինից գրավեց մեր դարպասը եւ կարողացավ պահպանել խաղի հաշիվը: Կարելի է ասել մրցակիցը օգտագործեց իր պահը իսկ մենք ոչ: Հանդիպման ընթացքում «Չեռնո Մորեն» եւս կարող էր հաջողության հասնել, բայց ցավոք չստացվեց: Ամեն դեպքում «Լիտեքսը» շատ լավ թիմ էր եւ արժանի մրցակից»:

Պարտվելով այս խաղում` «Չեռնո Մորեն» զրկվեց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հանդես գալու հնարավորությունից, սակայն դեռ հնարավորություն ունի հանդես գալու Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: «Մայիսի 17-ին կայանալու է Բուլղարիայի առաջնության վերջին տուրը, որում մենք հյուրընկալվելու ենք ետնապահ «Վիդիմային»: Հաղթանակի դեպքում հնարավոր է գրավենք 5-րդ հորիզոնականը եւ իրավունք ստանանք հանդես գալու Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: Այդ հանդիպումից հետո թիմի ֆուտբոլիստներին արձակուրդ կտրամադրի, որը ես պատրաստվում եմ անցկացնել Երեւանում»,-ասաց նա: