Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները:

«Արարատ» - «Միկա»

Գավաթի եզրափակիչից հետո սա կլինի «Արարատի» առաջին մրցավեճը, որը ոչ միայն այս տուրի, այլեւ առաջին շրջանի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել: Կհանդիպեն թիմեր, որոնք դեռ միավորներ չեն կորցրել եւ բավական վստահ են զգում իրենց նոր մեկնարկած առաջնությունում: Իհարկե, «Արարատի» մեկնարկը ավելի տպավորիչ էր եւ հայտնի չէ, թե «Միկան» որ հորիզոնականում կլիներ, եթե չհետաձգվեր այս թիմի մասնակցությամբ 4-րդ տուրում կայանալիք հանդիպումը: Ամեն դեպքում «Միկան» արդեն ապացուցել է, որ ընթացիկ առաջնությունում բրոնզե մեդալները պահպանելը անհաջողություն կդիտվի, եւ Արկադի Անդրեասյանի սաները պայքարում են ավելի բարձր հորիզոնականների համար: Կապանում «Գանձասարի» նկատմամբ տարած վաստահ հաղթանակը ցույց տվեց, որ «Միկան» աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում:

«Ուլիս» - «Շիրակ»

Այս խաղում կողմերից որեւէ մեկին նախապատվություն տալ հնարավոր չէ: Հավանական է, որ հանդիպումը կանցնի սակավաթիվ գոլերով, քանի որ երկու թիմերն էլ պաշտպանողական ֆուտբոլ են գերադասում: Մեկնարկային տուրերից հետո սպասելիքները մասամբ արդարացնում է «Շիրակը», որը կարողացել է 2 հաղթանակ տանել, որոնցից մեկը չեմպիոն «Փյունիկի» հետ մրցամարտում: Իսկ «Ուլիսը» առայժմ իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Թիմը մեկնարկում ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, այն էլ ընդգծված ետնապահ «Կիլիկիայի» հետ մրցավեճում: Դրանից հետո Սուրեն Բարսեղյանը հրաժարական տվեց եւ «Ուլիստը» այժմ հանդես կգա Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ:

«Բանանց» - «Կիլիկիա»

Առավել քան պարզ է, որ այս խաղում «Բանանցը» իր երկրորդ հաղթանակը կտոնի: Մեկնարկային տուրերը ցույց տվեցին, որ «Կիլիկիան» պարզապես չի կարող հավասար պայքար մղել մյուս թիմերի հետ: Միգուցե մինչեւ առաջնության ավարտը թիմը 3-4 միավոր այնուամենայնիվ վաստակի, բայց ոչ «Բանանցի» հետ խաղերում: Աստիճանաբար իր խաղը բարելավող փոխչեմպիոնը արդեն հանդես է գալիս իր օպտիմալ կազմով եւ անհաջող մեկնարկից հետո իրավունք չունի միավորներ կորցնելու: Իսկ «Կիլիկիան» նախորդ տուրում վերջապես իր առաջին գնդակը խփեց առաջնությունում եւ նվազագույն հաշվով զիջեց «Գանձասարին»:

«Փյունիկ» - «Գանձասար»

Չեմպիոնը նախորդ տուրը բաց թողեց հայտնի պատճառներով, իսկ այս անգամ կմրցի «Գանձասարի» հետ, որը առայժմ չի արդարացնում սպասելիքները: «Գանձասարի» կազմում ընդգրկված են միանգամից 14 լեգեոներներ: Նման շքեղություն իրեն շատ քիչ ակումբներ կարող են թույլ տալ Հայաստանում, սակայն առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ «Գանձասարը» մեղմ ասած սխալ սելեկցիոն աշխատանք է կատարել: Առայժմ իր բարձրության վրա չէ չեմպիոն «Փյունիկը», որը երրորդ տուրում զիջելով «Շիրակին», նահանջեց չորրորդ հորիզոնական: Թիմի կազմում այս մրցաշրջանում հանդես են գալիս մեծ թվով երիտասարդներ եւ պատանիներ, որոնք բնականաբար չեն կարող միանգամից փոխարինել «Փյունիկից» հեռացած առաջատար ֆուտբոլիստներին: Վերջին տարիներին չեմպիոնի կազմում որպես կանոն սովոր էինք տեսնել նաեւ լեգեոներների, որոնք այս մրցաշրջանում բացակայում են: Այս թիմերը միմյանց հետ հանդիպել են նաեւ գավաթի խաղարկուքյան քառորդ եզրափակիչում: Երկու հանդիպումներում էլ հաշիվը չբացվեց, իսկ հետխաղյա 11 մետրանոցներում հաջողությունը ուղեկցեց Գյույլբուդաղյանցի սաներին: Սակայն, գավաթային հանդիպումներում թիմերը մեծ զգուշավորություն ցուցաբերեցին, իսկ այս անգամ ավելի բաց ֆուտբոլ է ակնկալվում: