ՍՊՈՐՏԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ Է ԹՈՂՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Սպորտային մրցաշարերը շատ դրական ազդեցություն են ունենում դատապարտյալների հոգեվիճակի վրա, նրանց ուղղման, դաստիարակման գործընթացի վրա: Անցած տարի էլ անցկացվեց ֆուտբոլային մրցաշար, որը բավական լիցքաթափեց դատապարտյալներին», - ասում է Կոշ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Գյուրջանյանը, որի հետ «Ա1+»-ը զրուցեց քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատային մրցաշարի ժամանակ: «Քրեակատարողական հիմնարկում սովորաբար կազմակերպվում են ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, շաշկու, սեղանի թենիսի մրցաշարարեր: Կարծում եմ այսպիսի միջոցառումները շատ անհրաժեշտ են մարդու հոգեվիճակը հանդարտեցնելու եւ հասարակությանը ինտրեգրելու համար» - նշեց Սամվել Գյուրջանյանը:
Հիմնարկում գտնվող մոտ 580 դատապարտյալներից գրեթե 150-ը ներգրվավված են սպորտային միջոցառումներին եւ ակտիվություն են ցուցաբերում հատկապես ֆուտբոլի եւ շախմատի նկատմամբ. «Քրեակատարողական հիմնարկներում սպորտային այս հետաքրքիր միջոցառումների համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը, քանի որ այս ամենը շատ դրական ազդեցություն է ունենում դատապարտյալների վրա»:
Մրցաշարի ընթացքում նկատելի էր, թե որքան մեծ է դատապարտյալների ցանկությունը հաջողության հասնել այս մրցաշարում: Եվ դա բնական է, քանի որ հաղթողներին հնարավորություն էր տրվելու կարճ ժամանակով այցելել հարազատներին. «Մրցանակային երեք տեղերը գրաված մասնակիցների համար սահմանված են տարբեր խրախուսանքներ, իսկ հիմնարկի վարչակազմի կողմից նախատեսված է դատապարտյալներին տրամադրել կարճաժամկետ մեկնում իրենց ընտանիքի գիրկ, իհարկե, օրենքով սահմանված համապատասխան կարգով: Եթե առանձնապես ծանր հանցագործություն չի կատարել եւ օրենքը թույլ է տալիս, ապա այդ արձակուրդը անպայման կտրամադրվի: Իսկ եթե, առանձնապես ծանր հանցագործություն է կատարել, ապա կան խրախուսելու տարբեր ձեւեր. կարող են հատկացնել լրացուցիչ տեսակցություն: Իհարկե, սա լրացուցիչ խթան է հաղթելու համար»,- ասաց Սամվել Գյուրջանյանը:
Կոշի քրեակատարողականում հետարքրության կա նաեւ վոլեյբոլի, շաշկու եւ սեղանի թենիսի նկատմամբ. «Մոտ ժամանակներս կսկսվի նաեւ վոլեյբոլի մրցաշար: Ձմռանը պայմանները թույլ չեն տալիս այն անցկացնել, իսկ գարնանը եւ ամռանը խնդիր չկա: Նախատեսվում են նաեւ շաշկու մրցաշարեր, սակայն այն այսպես կազմակերպված չէ, ավելի տարերային բնույթ է կրում: Ինչ վերաբերում է միջհիմնարկային մրցաշարերին, ապա դա վարչության ղեկավարության նախաձեռնությամբ է իրականացվում»:
Հիմնարկի պետի տեղակալը կարծում է, որ միջհիմնարկային մրցաշարերը ավանդական կդառնան. «Եթե մի բան դրական է, դրական ազդեցությունն է թողնում ազատազրկված մարդկանց վրա, պետք է որ ավանդական դառնա: Այսօր մեր վարչության ղեկավարությունը մեծ տեղ է տալիս սպորտային միջոցառումներին: Եվ ընդհանրապես պետք է նշել, որ օրինակ ֆուտբոլային մրցաշարը ողջ հանրապետությունով մեկ հասարակության մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ կարծես հասարակությունը եւս մեկ անգամ ուշադրություն դարձրեց ազատազրկված մարդկանց: Իսկ պատկերացրեք, մարդը պարզապես նստում է ավտոբուսը եւ մենք նրան տանում ենք ֆուտբոլի: Մի պահ նա իրեն զգում է լիարժեք քաղաքացի: Դա շատ դրական երեւույթ է»: