Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ

Սպորտ

Արդեն մի քանի օր է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է շախմատային մրցաշար, որին մասնակցում են մի քանի տասնյակ դատապարտյալներ: Կոշի քրեակատարողական հիմնարակում շախմատի այս մրցաշարին մասնակցում էին 10 դատապարտյալներ, որոնք մեծ ոգեւորությամբ պայքարում էին 1-3 մրցանակային տեղերի համար: Շուրջ 580 դատապարտյալ ունեցող այս հիմնարկում, թեեւ առանձնակի իրարանցում չէր առաջացրել մրցաշարը, սակայն բոլորն էլ տեղյակ էին, որ հիմնարկի դահլիճում շախմատային մրցաշար է ընթանում: Դատապարտյալներից շատերը դրսում փորձում էին տեղեկանալ, թե ով է առաջատարը եւ ովքեր հնարավորություն ունեն ընդգրկվելու լավագույն եռյակում:

«Մինչեւ այստեղ հայտնվելը եւս հետաքրքրվել եմ շախմատով: Պատանի տարիքում հայրս էր սովորացնել շախմատ խաղալ, որից հետո այս խաղը գրավեց իմ ուշադրությունը», - պատ մում է 24-ամյա Արսեն Հարությունյանը, որը արդեն 1 տարի գտնվում է Կոշի քրեակատարողական հիմնարկում, եւ ավելացնում. «Կարծում եմ այստեղ ավելի ուժեղ են խաղացողները քան դրսում: Ես շատ եմ խաղում շախմատ այստեղ եւ արդեն որոշակիորեն հմտացել եմ: Կիրառում եմ տարբեր պաշտպանական տարբերակներ: Ամեն պարտիայում նույն ոճով չեմ խաղում»:

Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մասնակցող 10 շախմատասերները որոշվել էին հիմնարկի ներսում կազմակերպված ընտրական մրցաշարում. «Մասնակիցները պայքարում են շրջանային համակարգով, որը թույլ է տալիս, որ բոլոր մասնակիցները հանդիպեն միմյանց հետ: Առաջին 3 հորիզոնականներում հայտնվածները դուրս են գալիս եզրափակիչ, որը մայիսին կայանալու է «Շախմատի տանը»: Մինչ մրցաշարի մեկնարկը ներգաղությային փոքրիկ մրցաշար են անցկացվել, որտեղ էլ որոշվել են այս 10 լավագույնները: Կան լավ խաղացողներ: Մենք արդեն մի քանի հիմնարկներում ենք եղել: Կարելի էր թերեւս առանձնացնել Արթիկը, որտեղ խաղացողների մակարդակը մի փոքր բարձր էր մյուսներից»,- ասում է շախմատի միջազգային վարպետը:

ՀԱՂԹԵՑ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Ի վերջո այս մրցաշարում հաղթեց ամենատարեց մասնակիցը` 65-ամյա Ազատ Մանուկյանը Վարդաքար գյուղից, որը ընդգծված առավելություն ուներ. մանկուց խաղացել է շախմատ եւ այս խաղի մեծ սիրահար է: Պարտիաներից մեկում Ազատը մրցակցին պարտության մատնեց վայրկյաններ անց եւ շատ գոհ նշեց. «Խաբնվեցիր ձիս կերար, շախը բացվեց»: Հաղթելուց հետո Մանուկյանը նախ շնորհակալություն հայտնեց քրեակատարողական վարչության աշխատակիցներին մրցաշարի անցկացման համար. «Դատապարտյալների հոգեբանական վիճակը ինչ-որ տեղ փարատվեց: Ամեն մեկը իր հնարավորության չափով իր մտածելակերպն է զարգացնում: Մենք էլ խոստանում ենք, որ եզրափակիչում բարձր կպահենք մեր քրեակատարողական հիմնարկի պատիվը: Խոստանում եմ մրցանակային տեղով վերադառնալ»: 2-րդ տեղը զբաղեցրեց 50-ամյա Արտաշես Քոչարյանը Շիրակի մարզի Կարմրավան գյուղից, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ամենակրտսեր մասնակիցը` 24-ամյա Արսեն Հարությունյանը: Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր, բացի այդ հիմնարկի ղեկավարությունը նրանց կարճաժամկետ արձակուրդի հնարավորություն կտա, որն էլ թերեւս ամենամեծ մրցանակն էր Կոշում գտնվող այս անձանց համար:

Նշենք, որ նմանատիպ մրցաշար արդեն անցկացվել են Գորիսում, Արթիկում, Վանաձորում, իսկ շուտով կանցկացվեն նաեւ Սեւանում, Աբովյանում, դատապարտյալների հիվանդանոցում, Նուբարաշենբում, Էրեբունիում եւ Վարդաշենում: