ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԼԻՆԻ ՄՈԼԴՈՎԱՅԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԻնտերտոտոյի գավաթի 2008թ. խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի մոլդովական թիմի հետ: Այս մրցաշարում հանդես եկող 50 երկրների` 50 ակումբներ պայքարելու են ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 11 ուղեգրերի համար: Առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` հունիսի 28-29-ին:
Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանը այս մրցաշարում որ ակումբն է ներկայացնելու: Եթե Երեւանի «Արարատը» դառնա Հայաստանի գավաթակիր, ապա մրցաշարում հանդես կգա նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան», իսկ եթե «Արարատին» չհաջողվի հաջողության հասնել գավաթի խաղարկությունում, ապա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում հանդես կգան հենց Վարուժան Սուքիասյանի սաները: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե որ ակումբն է ներկայանելու Մոլդովան, որտեղ առաջնությունը դեռ չի ավարտվել: Բացառված չէ, որ այդ իրավունքին արժանանա «Զիբրուն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը:
Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հայկական թիմի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչը, որտեղ եւս դեռ առաջնությունը չի ավարտվել: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի արդեն Ֆրանսիայի ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցաշարում Հայաստանը ներկայացրեց «Արարատը» առաջին փուլում 2 հանդիպումների արդյունքով 3:4 հաշվով զիջելով Սոլիգորսկի «Շախտյորին»: