ԽՈԶԻ ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՏեղական խոզի միսը վաճառակետերում 3000 դրամից պակաս հնարավոր չէ գնել: Երբ զայրացած քաղաքացիները հարցնում են վաճառողներին, թե ի՞նչն է խոզի գնի նման թանկացման պատճառը, վերջիններս պատասխանում են. «Խոզ չկա»:
Դեռեւս մի քանի ամիս առաջ խոզի մսի ամենաբարձր գին էր սահմանված 2000-2200 դրամը , մինդեռ այսօր ամենացածր գինն է 3000 դրամը: Խոսքը վերաբերվում է տեղական մսին, սակայն վաճառակետերում կան նաեւ արտասահմանյան խոզի մսեր, որոնք տեղականից 500-700 դրամով էժան արժեն:
«Գյուղացիների խոզերը վերացել են: Խոզային հիվանդություններից հետո մեծ մասը սատկեց, մնացածն էլ գյուղացիները մորթեցին, որ չվարակվեն: Օրինակ` նախորդ տարի մսատերերը ինձ խնդրում էին, որ ընդունեի իրենց ապրանքը, քանի որ շատ էր, իսկ այսօր ես եմ խնդրում, բայց բերող, հանձնող չկա»,- դժգոհեց մսավաճառ Սիմակը: Մեկ այլ մսավաճառ` Կարենն ասաց, որ այս տարի հիմնականում հորթի մսի վաճառքով է զբաղվում. «Մի քանի տասնյակ գլուխ խոզ ունեինք ես եւ եղբայրս: Սկզբում, երբ հիվանդությունը տարածվեց, մենք չվախեցանք, ասեցինք երեւի թռչնագրիպի պես ուղղակի սուտ լուրեր են տարածում, բայց հետո մի երկու խոզ, որ ընկավ, մենք էլ առաջն առնելու համար ամեն օր երեք-չորս հատով մորթում ու ծախում էինք: իսկ այսօր արտասահմանյան խոզի միս եմ վաճառում, քանի որ տեղական համարյա չկա»:
«Լավ, հասկացանք, որ միսը քիչ է, բայց դա չպետք է հիմք ծառայի, որ այն վաճառեն նման թանկ գնով: Մարդիկ ինչ անեն, որ չկա: Էն զիբիլ մսերն էլ, մարդ չի ուզում առնել»,-ասում է 45 -ամյա Նինան: 35- ամյա Կարինեն էլ նկատում է. «Ստիպված սկսելու ենք տավարի մսով խորոված ուտել, թե չէ, մենակ օլիգարխները կարող են իրենց թուլ տալ մեկ կգ-ին այդքան փող տալ ու ուտել»: Ի դեպ, նշենք, որ գետնանցումներում վաճառվող շաուրմաների եւ քյաբաբների գինը չի թանկացել: Իսկ դրա պատճառը, մեր ունեցած տեղեկություններով, այն է, որ դրանք պատրաստվում են արտասահմանյան ցածրորակ մսերից: