Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԱՎԱԳՈՒՅՆ 5 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

Սպորտ

2008թ. ֆուտբոլային մրցաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն հայկական ֆուտբոլի համար այն արդեն իսկ բացառիկ է, քանի որ հայկական ակումբներում հանդես եկող հավաքականի մի շարք թեկնածուներ տեղափոխվեցին արտասահամանան թիմեր: Հավաքականում հանդես եկող գրեթե բոլոր «հայաստանաբնակներն» էլ հեռացան: Փորձենք դասակարգել կայացած տրանսֆերները.

1. Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա) Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստը մինչ այս փորձաշրջան էր անցել մի շարք արտասահմանյան թիմերում, իսկ 2006թ. նույնիսկ մի քանի ամիս անցկացրել է Իսրայելում: Այս անգամ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստն արդեն երկարաժամկետ պայմանագիր կնքեց շվեդական ԳԱԻՍ-ի հետ: Արագաշարժ կիսապաշտպանը չի էլ թաքցնում, որ նոր ակումբն առաջին հերթին ցատկահարթակ է հանդիսանալու` ավելի ճանաչված թիմում հայտնվելու համար: Ամեն դեպքում ԳԱԻՍ-ը հարգանքի արժանի ակումբ է, իսկ Շվեդիայի առաջնությունը վերջին տարիներին զգալի վերելք է ապրել: Ուրախալի է, որ Պաչաջյանը շատ արագ մերվեց իր թիմին եւ համարվում է այս ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

2. Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Դ. Ուկրաինա) Մելքոնյանը մինչ «Մետալուրգի» հետ պայմանագիր ստորագրելը փորձաշրջան անցավ գերմանական «Ֆրայբուրգում», որը հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում: Այստեղ Սամվելին չհաջողվեց ցույց տալ իր ողջ կարողությունները, իսկ «Մետալուրգում» նա պարզապես փայլեց, եւ մարզիչներն առանց տատանվելու որոշեցին «Բանանցի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել: Վերջին պաշտոնական հանդիպումները ցույց տվեցին, որ ուկրաինական ակումբը ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ Սամվելը աստիճանաբար դառնում է «Մետալուրգի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ լավագույնը:

3. Տիգրան Ղարաբաղցյան («Չեռնո Մորե», Բուլղարիա) Սա թերեւս ամենաանսպասելի եւ նույնքան հաճելի տրանսֆերն էր: Հայաստանի առաջնության ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկը հաջող փորձաշրջան անցավ բուլղարական ճանաչված թիմում եւ պայմանագիր կնքեց նրա հետ: Ղարաբաղցյանը համարվում էր Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, սակայն նախորդ 2 տարիներին հայտնվել էր ստվերում, եւ «Փյունիկը» նրան նույնիսկ ազատ խաղացողի կարգավիճակ տվեց: Թվում էր` Տիգրանը լավագույն դեպքում կամրապնդվի որեւէ հայկական թիմի կազմում, բայց Ղարաբաղցյանը հայտնվեց Բուլղարիայում եւ հնարավորություն ունի վերջապես ցույց տալու իր ողջ կարողությունները:

4. Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Դ. Ուկրաինա) Առաքելյանի տրանսֆերը շատ քիչ է տարբերվում Մելքոնյանից: Արարատի ծառայություններով եւս հետաքրքրված էին հատկապես գերմանական թիմերը, բայց հայ ֆուտբոլիստը Սամվելի հետ միասին հայտնվեց Դոնեցկում:

5. Ռոբերտ Արզումանյան («ՌԱՆԴԵՐՍ», Դանիա) Արզումանյանի տրանսֆերին մեր ֆուտբոլային հասարակությունն ավելի անհամբեր էր սպասում: Ռոբերտն արդեն 2005թ. համարվում էր Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ: Ռոբերտը 2007թ. աչքի ընկավ նաեւ ռմբարկուի հատկանիշներով` դառնալով մեր ընտրանու ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Նման տպավորիչ մրցաշրջանից հետո երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունն արտասահմանյան ակումբների կողմից կրկնապատկվեց եւ նույնիսկ եռապատկվեց: Ի վերջո «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց դանիական «Ռանդերսի» հետ: Ցավոք նոր ակումբում Ռոբերտին առայժմ հնարավորություն չեն տալիս ցույց տալ իր կարողությունները: Հայ ֆուտբոլիստը դեռ ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել «Ռանդերսի» կազմում:

Հ.Գ. Տեղի ունեցան նաեւ այլ տեղափոխություններ, որոնցից կարելի է առանձնացնել Աղվան Մկրտչյանի, Արթուր Ոսկանյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի տեղափոխությունները բելառուսական թիմեր: