Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկար ժամանակ չէր կարողանում ազգային թիմում գոլի հեղինակ դառնալ: Դեռ ավելին, իրար հաջորդող վնասվածքների պատճառով Էդգարը հազվադեպ էր հագնում հավաքականի մարզաշապիկը, իսկ իր միակը գնդակը Հայաստանի հավաքականի կազմում խփել էր շուրջ 3 տարի Մակեդոնիայի հետ կայացած ընտրական խաղում:

Եւ ահա նախորդ շաբաթ Ղազախստանի հետ կայացած ընկերական խաղում նա դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը` հաղթանակ պարգեւելով ազգային թիմին: «Ա1+»-ի հետ զրույցում Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստը նշեց, որ գոլը մեծ վստահություն կհաղորդի իրեն. «Կարծում եմ` վստահություն կհաղորդի խփածս գոլը, եւ ես կսկսեմ հաճախ գոլեր խփել: Շատ շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիցս ինձ օգնելու եւ աջակցելու համար: Առանց նրանց աջակցության ես չէի կարող հաջողության հասնել»: Անդրադառնալով Ղազախստանի հետ խաղին` Էդգարը բարձր գնահատականի արժանացրեց հավաքականի բոլոր խաղացողներին. «Հատկապես երկրորդ կեսում մենք հիանալի խաղացինք: Բոլոր տղաներն էլ իրենց բարձրության վրա էին: Կարելի է ասել, բոլորի մեկի, մեկը բոլորի համար էին խաղում: Երբ ղազախները մնացին 10 հոգով, արդեն որեւէ հնարավորություն չունեին խաղը փրկելու»: Մանուչարյանը չէր մասնակցել փետրվարին կայացած Մալթայի մրցաշարին, ուստի Ղազախստանի հետ խաղում առաջին անգամ հանդես եկավ դանիացի Յան Պոուլսենի գլխավորությամբ. «Հաճելի անձնավորություն էր, լավ մարզիչ: Կարծում եմ ֆեդերացիան շատ ճիշտ ընտրություն է կատարել, նրան վստահելով հավաքականի ղեկը»:

Ներկայումս Էդգար Մանուչարյանը հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում եւ հավանական է, որ մինչեւ Հոլանդիայի ընթացիկ առաջնության ավարտը ելույթ կունենա հենց այնտեղ: Ամեն դեպքում Էդգար չի բացառում, որ կարող է կրկին հայտնվել «Այաքսի» գլխավոր թիմում. «Անհնարին ոչինչ չկա, բայց կարծում եմ, որ հավանականությունը մեծ է, որ հանդես կգամ 2-րդ թիմում»:

Ի դեպ, ամռանը «Այաքսը» գլխավորելու է համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը` Մարկո վան Բաստենը, որը ներկայումս Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է. «Նա արդեն պայմանագիր է ստորագրել եւ «Եվրո-2008»-ի ավարտից հետո կգլխավորի «Այաքսը»»: