Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչում այսօր կայացան պատասխան 4 հանդիպումներ: Ամենագոլառատը ստացվեց Ոսկեհատի «Վարդանանք-541» մարզադաշտում կայացած «Միկա-2» - «Կիլիկիա» մրցավեճը, որի առաջին խաղում «Կիլիկիան» առավելության էր հասել 2:0 հաշվով: Պատասխան մրցավեճը եւս անցավ Երվանդ Կրբաշյանի սաների առավելությամբ: Արդեն 7-րդ րոպեին Լեւոն Ղասաբօղլյանը բացեց խաղի հաշիվը, իսկ քիչ անց Հայկ Հակոբյանը հաշիվը կրկնպատկեց:

11-րդ րոպեին Վիգեն Համբարձումյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 4 րոպե անց Լեւոն Ղասաբօղլյանը 3-րդ գնդակը ուղարկեց «Միկա-2»-ի դարպասը: Առաջին կեսի վերջնամասում Վիգեն Համաբարձումյանը եւս մեկ անգամ կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 2-րդ կեսոմ դարպասի գրավում չարձանագրվեց: «Կիլիկիան», հաղթելով 3:2 հաշվով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հետաքրքիր հանդիպում կայացավ «Բանանցի» մարզադաշտում, որտեղ «Բանանց-2»-ը ընդունել էր «Ուլիսին»: Վերջինս առաջին խաղում հաղթել էր խոշոր 4:1 հաշվով: Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 55-րդ րոպեին: Աչքի ընկավ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանը: 85-րդ րոպեին Գեւորգ Բադալյանը հավասարեցրեց հաշիվը եւ թվում էր հանդիպումը այդպես էլ կավարտվի, սակայն փորձառու Արթուր Քոչարյանին 88-րդ րոպեին հաջողվեց հաղթանակ պարգեւել «Ուլիսին»:

Անսպասելի արդյունք գրանցվեց «Շենգավիթ» - «Շիրակ» խաղում: «Շենգավիթը», որը «Ուլիսի» դուստր թիմն է եւ հանդես է գալիս երիտասարդ ֆուտբոլիստներով, 1:0 հաշվով պարտության մատնեց անհամեմատ փորձառու մրցակցին: Ամեն դեպքում պայքարը կշարունակեն գյումրեցիները, որոնք առաջին խաղում առավելության էին հասել 3:1 հաշվով:

«Միկան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-2»-ի դարպասը, որին առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով:

1/8-րդ եզրափակիչի եւս 2 հանդիպումներ կկայանան վաղը: