Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՇԻՎԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԽՈՇՈՐ ԼԻՆԵԼ»

Սպորտ

Ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Ռոտերդամում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ Երեւանում նույն հաշիվն էր գրանցվել 2007թ. նոյեմբերին, բայց հօգուտ ղազախների:

Հայ ֆուտբոլիստները 2008թ. ընթացքում անցկացրած 4-րդ խաղում 3-րդ հաղթանակը տոնեցին, որը բացառիկ արդյունք է Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում:

Ազգային թիմի փորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանի կարծիքով Հայաստանը անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը. «Շատ լավ խաղաց հավաքականը: Բոլոր տղաներն էլ ցուցադրեցին լավ ֆուտբոլ եւ որեւէ մեկին առանձնացնել չի կարելի: Անշուշտ, սա Հայաստանի հավաքականի լավագույն հանդիպումներից մեկն էր, որում խաղացողները կոլեկտիվ, կոմբինացիոն խաղ էին ցուցադրում, արագ փոխանցումներ կատարում: Շատ գեղեցիկ հաղթանակ էր եւ հաշիվը անհամեմատ խոշոր կարող էր լինել, եթե իրացնեինք գոլային բոլոր պահերը»:

Արթուր Ոսկանյանը, խոսելով Ղազախստանի հետ նախորդ մրցավեճի մասին, որում Հայաստանը զիջել էր, ընդգծեց, որ այս անգամ հավաքականի ֆուտբոլիստները անկաշկանդ էին գործում. «Երեւանում հանդես գալով սեփական ֆուտբոլասերների աջակցության ներքո` մենք շտապում էին եւ ցանկանում էին արագ գոլ խփել, ինչն էլ մեզ խանգարեց դրական արդյունքի հասնելու համար: Այս անգամ մենք մեր խաղն էին խաղում` սպասելով հարմար պահի»:

Երիտասարդ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը Ղազախստանի հետ խաղում փոխարինեց փորձառու Համլետ Մխիթարյանին, եւս գտնում է, որ այս խաղում խոշոր հաշիվ պետք է գրանցվեր. «Բացի այն, որ Սարգիս Հովսեփյանին չհաջողվեց իրացնել 11 մետրանոցը, եղան նաեւ մի շարք գոլային այլ պահեր: Իրոք հնարավոր էր հաղթել նաեւ խոշոր հաշվով: Ամեն դեպքում հաղթանակը դա հաղթանակը է անկախ հաշվից, եւ տղաները շատ լավ խաղ ցուցադրեցին»: