Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Սպորտ

Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2008թ. խաղարկությունը: 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում հիմնականում գրանցվել են խոշոր հաշիվներ:

Ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Բանանցի» մարզաբազայի արհեստական խոտածածկով մարզադաշտում, որտեղ չեմպիոն «Փյունիկը» ընդունել էր «Պատանի»-ին: Վերջինս համալրված լինելով 16-17 տարեկան խաղացողներով, բնականաբար չէր կարող լուրջ դիմադրություն ցույց տալ կարգով անհամեմատ բարձր մրցակցին: Արդեն 10-րդ րոպեին «Փյունիկը» հաշվի մեջ առաջ էր անցել 3:0 հաշվով: Պատանիները փորձեցին շտկել իրավիճակը եւ նույնիսկ 2 անգամ ստիպեց «Փյունիկին» խաղը վերսկսել կենտրոնից, սակայն ի վերջո պարտվեցին 2:11 հաշվով:

Գերխոշոր հաշիվ գրանցվեց «Միկա» - «Արարատ-2» մրցավեճում, որում Արկադի Անդրեասյանի սաները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 3 անգամ աչքի ընկավ Ղազախստանի «Միկայի» կազմ վերադարձած Դավիթ Գրիգորյանը:

«Ուլիսը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին: Այս խաղում տանտերերի կազմում 2 անգամ աչքի ընկավ Արթուր Քոչարյանը, որը նախորդ մրցաշրջանում Կապանի «Գանձասարի» լավագույն ռմբարկուն էր: «Շիրակը» Գյումրիում 3:1 հաշվով առավելության հասավ «Շենգավիթի» նկատմամբ, որը «Ուլիսի» դուստր թիմն է:

«Գանձասարը» Արարատում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ-2»-ի դարպասը:

Ամենաքիչ գոլեր ‎ֆուտբոլիստները խփեցին «Կիլիկիա» - «Միկա-2» խաղում, որում դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով: